Բաժիններ՝

«Թունավորման ախտանշանների դեպքում շատ կարևոր է հիվանդին շտապ հիվանդանոց հասցնելը»

Հայաստանում 2017 թվականին գրանցվել է թունավորման 944 դեպք, 2016 թվականին` 991: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, 2017 թվականին թունավորումներից գրանցվել է 14 մահ, 2016 թվականին` 25 մահ:

Տարվա ընթացքում թունավորման դեպքեր գրանցվել են օձի խայթոցից, շմոլ գազից, բոտուլիզմից և այլն: 2017 թվականին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 146 դեպք: Այս ցուցանիշը 2016 թվականի համեմատ ավելացել է: 2016 թվականին գրանցվել է օձի խայթոցից թունավորման 97 դեպք:

2017 թվականին ավելացել են նաև շմոլ գազից թունավորման դեպքերը: 2017 թվականին գրանցվել է 135 դեպք, 2016 թվականին` 85 դեպք:

2017 թվականին գրանցվել է ալկոհոլից թունավորման 322 դեպք` 6 մահվան ելքով: 2016 թվականին գրանցվել է 363 դեպք, որից 4-ը մահվան ելքով:

«Մահվան դեպքերը կապված են խրոնիկ ալկոհոլիզմի հետ: Ալկոհոլից թունավորումները հիմնական պատճառը զուտ չարաշահումներն են: Ի դեպ, խնդրի երիտասարդացում է նկատվում: Եթե առաջ նման խնդիր միջին և բարձր տարիքի անձանց մոտ էր նկատվում, ապա վերջին տարիներին նկատվում է երիտասարդացում: Խնդիրը նկատվում է կանանց, ինչպես նաև 16-17 տարեկան աղջիկների մոտ: Մասնագիտական օգնության առումով որակը բարձր է, երբեք խնդիր չի եղել»,-ասաց Միքայել Գաբրիելյանը:

Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է բոտուլիզմի 18, 2016-ին` 14 դեպք: Մասնագետի խոսքով, թեպետ 2017-ին բոտուլիզմի դեպքերը փոքր-ինչ ավելացել են, սակայն վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, նման դեպքերի նվազման միտում է նկատվում:

«Շատ ենք ասել, որ գործարանային պահածոներն անվտանգ են, որովհետև պատրաստման ժամանակ բոլոր պայմանները պահվում են: Մարդիկ սկսել են կամ ավելի գրագետ մոտենալ հարցին, պատրաստելուց ավելի ուշադիր լինել, կամ հրաժարվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Ուրախությամբ կարող ենք ասել, որ բոտուլիզմից թունավորումները վերջին տարիներին կրճատվել են»,-ասաց Միքայել Գաբրիելյանը:

Գլխավոր թունաբանի խոսքով, թունավորման ախտանշանների դեպքում շատ կարևոր է հիվանդին շտապ հիվանդանոց հասցնելը:

«Որքան շուտ սկսվեն բուժումները, այդքան ընթացքն ավելի բարեհաջող կլինի: Եթե կա սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, ապա շտապ հասցնել հիվանդանոց: Խորհուրդ չի տրվում տնային պայմաններում ինչ-որ միջոցներ ձեռնարկել»,-ասաց Միքայել Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս