Սեղմված գազի գնի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա հասարակական տրանսպորտի և տաքսիների գների վրա. Պարզաբանում է փոխնախարարը
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե սեղմված գազի գնի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա հասարակական տրանսպորտի և տաքսիների գների վրա:
«Քանի որ թանկացումները նոր սկսվել են, բնականաբար, մենք ուսումնասիրություններ նույնպես իրականացնում ենք: Իհարկե, վառելիքի գինն ինքնարժեքի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունի: Նրա ազդեցության չափը կախված կլինի, թե մինչև հիմա գործող գներն ինչքանով են վերադարձնում փոխադրողի ծախսերը: Եթե 0-ի մակարդակում էին գտնվում, ապա այդ ժամանակ կունենան բարձրանալու տենդենց, և՝ հակառակը»,- ի պատասխան՝ ասաց փոխնախարարը:
Գ. Գրիգորյանը գտնում է, որ տաքսու գները չեն փոխվի. «Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, մենք այսօր էլ նախարարությունում հավաքել էինք մի քանի փոխադրողների, կա ինքնարժեքի հաշվման մեթոդոլոգիա, մենք հիմա դրանով ենք զբաղվում, ձեզ կներկայացնենք»: