Բաժիններ՝

Ծաղկաձորում նոր, գերհզոր և գերժամանակակից մարզահամալիր կկառուցվի

Ծաղկաձորում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր եւ գերժամանակակից մարզահամալիր:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձեւերի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր տարբեր մարզաձեւերի մասնագետներին՝ լսելու նաեւ նրանց առաջարկները:

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50×25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական եւ մանկապատանեկան հավաքականների համար: Մարզաձեւերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով:

Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ եւ լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաեւ մամուլի կենտրոն: Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները եւ ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս