Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հիշեցրեց «Weekend» բիլյարդանոցում տեղի ունեցած պատանդառության դեպքը
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը նշեց, որ այս փաթեթը հիմնականում վերաբերում է դեպքի վայրի պահպանությանը և դրա կանոններին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2017 թվականի օգոստոս ամսին Էրեբունիի «Weekend» բիլյարդանոցում տեղի ունեցած դեպքը, երբ մի քաղաքացի, որը հետո սպանվեց, պատանդ էր վերցրել. «Համացանցում կադրեր էին պտտվում, թե ինչպես էր դիպուկահարը պառկած դիրքավորվել, իսկ նրա հետևում մարդիկ էին քայլում, նույնիսկ քայլում էին դիպուկահարի վրայով: Դուք այդ իրավիճակը նորմա՞լ եք համարում, և արդյոք այս օրենքը կբարելավի՞ այդ վիճակը»:
Ի պատասխան՝ Ա. Ղամբարյանն ասաց. «Պետք է փաստեմ, որ, ցավոք սրտի, այսօր ՀՀ-ում դեպքի վայրի պահպանման իրավական մշակույթն այնքան էլ բարձր մակարդակում չի գտնվում: Այսինքն՝ ունենք խնդիր՝ բարձրացնելու դեպքի վայրի պահպանության ոլորտում մշակույթը: Կարծում եմ՝ այս օրենքի նախագիծը հենց պետք է նպաստի նրան, որպեսզի բոլորս քաջ գիտակցենք, որ դեպքի վայրը պահպանելը լինելու է ուղիղ պարտականություն, որը չկատարելու հետևանքով՝ խնդիրներ են առաջանալու»: