Բաժիններ՝

«Հաճախ եվրոպական կյանքի մասին աներևակայելի ճախության հասնող պատկերացումների կարելի է հանդիպել. իրականում դրանք լեգենդներ են». Արթուրո Սայան

Կարճատև այցով Հայաստանում գտնվող ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի հանդիսատեսին ներկայացավ միանգամից երկու շնորհանդեսով՝ «Նոր ավարտ, հին սկիզբ» և «Փախստականների տուն» կարճամետրաժ ֆիլմերով։

Հայաստանում ֆիլմերը ցուցադրվում էին առաջին անգամ, մինչ այս դրանք ներկայացվել էին նաև գերմանացի հանդիսատեսին, որտեղ վերջին տարիներին ապրում և կրթություն է ստանում ռեժիսորը:

«Ես շարունակում եմ իմ մասնագիտական կրթությունը Գերմանիայում, ինձ կինոռեժիսոր դեռևս չեմ համարում, չնայած նրան, որ առաջին մասնագիտությամբ թատերական ռեժիսոր եմ, ավարտել եմ Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: Առողջ քննադատությանն ու առհասարակ քննադատությանը շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ հաճախ դրանից ինձ համար կարևոր տեղեկություններ եմ քաղում»,- ֆիլմերի շնորհանդեսի մեկնարկին իր խոսքում նշում է ռեժիսորը և հավելում,- Առաջին՝ «Նոր ավարտ, հին սկիզբ» ֆիլմի տևողությունը երկուսուկես րոպե է: Նկարել եմ 16 մմ կինոժապավենի վրա, որը մեր օրերում բավականին թանկ հաճույք է:

Բարեբախաբար, ֆիլմի համար նախատեսվող ծախսերը հոգացել է գերմանական Քիլ քաղաքի «Մութեզիուս արվեստի ակադեմիան», որտեղ ես այս պահին շարունակում եմ ուսումս: Այս ֆիլմը, առհասարակ, մարդկային հարաբերությունների մասին է, որ գալիս է ասելու՝ գուցե մեզ ծանոթ ու արդեն ընդունված տարվա չորս եղանակները քի՞չ են, ու մենք կարիքն ունենք տարվա հինգերորդ եղանակի… Ինչ-որ տեղ փորձել եմ առաջ բերել տարվա հինգերորդ եղանակի գաղափարը՝ հետևությունները թողնելով հանդիսատեսին»:

Կարդացեք նաև

Ռեժիսորի երկրորդ ֆիլմն արդեն շոշափում է 21-րդ դարի տարածված ինչպես՝ քաղաքական, այնպես նաև՝ սոցիալական և մարդկային լուրջ խնդիրը՝ արտագաղթի թեման.

«Երկրորդ ֆիլմն արդեն դոկումենտալ ժանրում է, որը պատմում է Գերմանիայում ապրող փախստականների կյանքի մասին՝ մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Հաճախ եվրոպական կյանքի մասին աներևակայելի ճոխության հասնող պատկերացումների կարելի է հանդիպել…

Իրականում դրանք լեգենդներ են, որի մասին կպատմեն իմ ֆիլմի հերոսները, և ես հույս ունեմ, որ իմ այս ֆիլմով ինձ կհաջողվի մարդկանց հասցնել ներգաղթյալների կյանքի իրական պատկերը: «Փախստականների տունը» հետաքրքիր ու ինքնատիպ կերպով ցույց է տալիս փախստականների օրեցօր շատացող խմբերի խնդիրները, պատճառների մասին, ովքեր մեկնում են հարուստ ու շքեղ կյանքի հետևից կամ պարզապես իրենց առօրյա հանապազօրյան վաստակելու նպատակով։ Այս ֆիլմում կտեսնեք 3 դիմանկար, 3 ճակատագրեր, 3 իրարից տարբերվող պատմություններ»։

Ֆիլմերի դիտումից հետո ֆիլմերի ռեժիսոր Արթուրո Սայանի հետ տեղի ունեցավ նաև հարցուպատասխանի ձևաչափով ֆիլմի քննարկում:

Ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը։
2003-ից աշխատել է Երևանի պետական Կամերային, ապա` Խորեոգրաֆիայի պետական թատրոններում: Նկարահանվել է «Փշրված իրականություն», «Քրմուհին» և այլ ֆիլմերում, հեռուստանախագծերում, հոլովակներում և հեռուստասերիալներում: Հանդիսանում է «Նյու Արտ» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 2009թ. բեմադրել է «Ճաղատ երգչուհին» ներկայացումը: Որպես ռեժիսոր՝ մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների: 2010թ. մասնակցել է Մոսկվայի «Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա» նախագծի վարպետության դասերին: 2011թ. նկարահանել է «Ծաղրածու» ֆիլմը: Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Էքստրասենսներ» նախագծի հաղորդավարը: 2012թ. հրատարակել է «Խեղկատակի զառանցանքներ» գիրքը և լույս ընծայել իր հեղինակած կարճամետրաժ ֆիլմերի սկավառակը: Այժմ Արթուրոն բնակվում, կրթություն է ստանում և գործունեություն ծավալում Գերմանիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս