«Է՞լ ինչ եք ծախելու, վերջում մե՞զ եք ծախելու». Անահիտ Բախշյանը՝ պետական գանձարանի պահուստներն օտարելու մասին
«Կարծում եմ՝ դա շատ ծայրահեղ քայլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստներն օտարելու վերաբերյալ արած առաջարկի մասին:
Ա. Բախշյանը գտնում է՝ դա վտանգում է «պետական գանձարան» հասկացությունը: Նա այդ քայլը համեմատեց այն երևույթի հետ, երբ ընտանիքում նույնպես ոչ խելացի տնտեսվարության հետևանքով վերցնում ես քո վերջին թանկարժեք իրը, վաճառում ես ու չգիտես՝ վաղն ինչ է լինելու քեզ հետ, քո ընտանիքի բյուջեն ոնց ես լցնելու.
«Դրա հետևանքը լինում է այն, որ, ի վերջո, դու կարող ես երկու օր էլ ապրել՝ այդ թանկարժեք իրը ծախելով, բայց հետո ի՞նչ ես անելու, ու այդ հետոն էլ չի երևում: Ես վտանգավոր եմ համարում այդ քայլն այնպես, ինչպես տարիներ առաջ պետական գանձարանի ոսկին վաճառվեց: Հիմա հասել ենք արդեն այդ թանկարժեք քարերը վաճառելուն: Լավ, ես հարց եմ տալիս՝ է՞լ ինչ եք ծախելու, վերջում ի՞նչ եք ծախելու, մե՞զ եք ծախելու, ի՞նչ է լինելու հետո, ո՞ւր է տնտեսության գրագետ կառավարումը, ո՞ւր են ներդրումային ծրագրերը, որոնց մասին այդքան ամպագոռգոռ խոստումներ տրվեց ընտրություններից առաջ գործող վարչապետի կողմից»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ ներդրումներն ապահովելու, հարկային օրենսդրությունը վերանայելու, ավելի նպաստավոր դարձնելու փոխարեն՝ մտածում են այսօրվա համար.
«Ասում են՝ «այսօր այդ ծախսերն անենք, Աստված մեծ է, ինչ կլինի՝ կլինի»: Այդպես ո՞նց կլինի, այդպես պետությո՞ւն են կառավարում: Այդ որ ընկել եք, քունջուպուճաղից ուզում եք պետական բյուջեն լցնել, բա մի օր ինչի՞ չեք հարցնում՝ ա՛յ «Մարտիկ» հիմնադրամ, 1.2 միլիոնն առել, դրել ես տակդ, ո՛չ դրա նորմալ հաշվետվությունն ենք տեսնում, ո՛չ կատարած գործողությունն ենք տեսնում, ո՛չ օգտակարությունն ենք տեսնում, ո՞ւր է այդ փողը, ինչի՞ կառավարությունը չի ասում, ինչի՞ այդ հարցը չի բարձրացնում Արթուր Աղաբեկյանի առաջ ու չի ասում՝ այդ գումարը բեր՝ ավելի նպատակային օգտագործենք, որովհետև քո նպատակները քո կանոնադրությանը չեն համապատասխանում: Վերջապես, այդ փողը հավաքվել է համայն հայության ներդրումների, նվիրատվությունների շնորհիվ, դուք ի՞նչ իրավունք ունեք այդպես ծաղրով վերաբերվել մեր ժողովրդի թույլ կետի՝ բանակի նկատմամբ»:
Ա. Բախշյանի համար անհասկանալի է՝ այս քայլերով, որոնք անում է կառավարությունը, ի՞նչ է լինելու վաղը.
«Ի՞նչ է լինելու մեր տնտեսության ապագան: Այդ հարցերի պատասխանները չկան: Շատ խելացի մարդիկ կան, որ ասում են՝ հնարավոր է շտկել այս վիճակը, եթե վերանայվեն շատ բաներ: Ինչո՞ւ չեն լսում, ինչո՞ւ չեն ճիշտ ծառայում: Պատասխանը մեկն է. որովհետև կոռուպցիան, օլիգարխիկ շահերը վերդասվում են պետական շահերից, ու այդպես հասնում են պետական գանձարանի թանկարժեք քարերին: Վաղը-մյուս օրն իրենց էլ ծախեն, երկիրը չեն կարող պահել, այսպես շարունակել չի լինի»:
Հիշեցնենք, որ Վ. Արամյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունն ու արժեքը: Ա. Բախշյանը չի հավատում դրան.
«Բա այդ աճուրդներում ի՞նչն են այդպես վաճառում: Եթե դրանք հին, արժեքավոր բաներ են, դրանք ո՞նց կարող են իրենց արժեքը կորցնել, ո՞ւմ են հավի տեղ դնում: Ցույց տվեք, տեսնենք՝ այդ թանկարժեք քարերն իսկապես ժամանակի ընթացքում իրենց արժեքը կորցնո՞ւմ են, թե՞ ոչ: Ես չեմ հավատում դրան»: