«Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ակնհայտ մեսիջ է». Վիգեն Հակոբյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ ասաց, որ կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը սրանով ակնարկում է առաջիկա սակարկությունների մասին։

«Սերժ Սարգսյանի ասածը, նախ և առաջ, պայմանավորված է տակտիկական խնդրով, որովհետև լինելու են բավականին շատ օրենքներ, այդ թվում՝ այնպիսի նախագծեր, որոնք պահանջեն ոչ թե պարզ մեծամասնություն՝ անցկացնելու համար, այլ շատ ավելի բարձր շեմ, որտեղ առանց ընդարձակ համաձայնության՝ դժվար է լինելու միանգամից անցկացնել։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ հնարավորինս լայն կոնսենսուս լինի, որ կարողանաս նախագահ ընտրես։

Այստեղ, ես կարծում եմ՝ զուտ տակտիկական խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը, փորձելով հնարավորինս մեղմել տոնայնությունը՝ իշխանության և ֆորմալ ընդդիմության միջև, խոսքը «Ծառուկյան» դաշինքի մասին է։ Ես կարծում եմ՝ այդտեղ ակնարկ կա առաջիկա սակարկությունների մասին։ Այդ մեղմացումը, այդ ընդարձակ մեծամասնության մասին խոսքերը՝ ունենալով տակտիկական խնդիր, ակնարկում են, որ կարող են լինել նաև սակարկություններ։ Եթե խոսքն այն մասին է, թե ում հետ պետք է փորձեն պայմանավորվել քվեարկությունների ժամանակ, ապա տրամաբանական է, եթե դիտարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համաձայնության գալը՝ ընդարձակ մեծամասնություն կազմելու շուրջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նա նկատեց՝ մեկ ամսից սպասվում է նախագահի ընտրություն, և օրենսդրական առումով, ըստ նրա՝ խնդիր չի լինելու մեծամասնության մոտ, որովհետև, եթե առաջին փուլով չի անցնում իրենց նախընտրած թեկնածուն, հետո շեմն իջնում է, դառնում է 3/5, որի դեպքում մեծամասնությունը կարող է անցկացնել.

«Բայց, եթե նույնիսկ համարենք, որ այդտեղ էլ ինչ-որ ֆորսմաժոր է լինում իշխանության համար, երրորդ փուլով, մեկ է, անցնելու է, քանի որ այնտեղ արդեն պարզ մեծամասնություն է։ Ես կարծում եմ՝ հանրապետականների համար շատ ավելի կարևոր է այդ հարցը, որպեսզի հնարավորինս անցնցում անցկացնեն այդ ընտրությունը»։

Ինչ վերաբերում է ապագա ԱԺ նախագահին, Հակոբյանն ասաց, որ այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ակնհայտ մեսիջ է, որ Բաբլոյանի հետ որևէ խնդիր նա չունի.

«Նույն ՀՀԿ-ում կան մարդիկ, որ դեմ չեն լինի զբաղեցնել այդ պաշտոնը, և վերջին շրջանում քննարկման թեմա էր այս հարցը, Սերժ Սարգսյանը փորձում է փակել այդ հարցը։ Այս հարցերը լուծվում են փաթեթով, այսինքն՝ նախ կընտրվի նախագահը, հետո՝ վարչապետը, հետո՝ ԱԺ նախագահը, և նայվում է այդ փաթեթով, թե որքանով են այդ մարդիկ իրար հետ համատեղելի։ Համատեղելի՝ ոչ թե այն առումով, որ կոմֆորտ իրար հետ աշխատեն, այլ, գուցե, գոնե մի թեթև իրար հակակշռեն։

Ամեն ինչ կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչ է անելու 2018թ. ապրիլից հետո։ Եթե իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը, ապա կարող է այնպիսի թիմ ձևավորել, որ իրար հետ ջան ասեն, ջան լսեն։ Բայց եթե անմիջականորեն իր վրա չի վերցնելու պատասխանատվությունը, ապա կարող է հակակշիռ ստեղծել։ Տվյալ դեպքում հստակ երևաց, որ Բաբլոյանը չպետք է որ խնդիրներ ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս