Բաժիններ՝

«Պետք է նաև զարգացնել կոոպերատիվ շարժումը Հայաստանում». Վազգեն Սաֆարյան

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկրվող ապրանքներից կախվածությունը մեղմելու հարցում կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ նոր ծրագրերի իրագործումը:

Ինչ վերաբերում է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականին, որ սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար մշակվի և ներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ապա Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի կարևոր նշանակության ապրանքներին, մասնավորապես, կարագին ու մսամթերքին:

«Այդ ապրանքատեսակները հիմնականում դրսից են ներմուծվում:

Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում պետք է էական տեղաշարժեր ընթանան, խոշոր ֆերմաներ ստեղծվեն պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսօր կառավարությունը նաև հայեցակարգ է մշակում պետություն-մասնավոր հատված գործընկերության վերաբերյալ:

Այդ հայեցակարգը պետք է ներառի գյուղատնտեսության ոլորտը, ինչը ենթադրում է անասնապահական ֆերմաների ստեղծում, որն էլ կբեր կաթի արտադրության ծավաների մեծացմանը, հետևաբար նաև իմ նշած ապրանքատեսակների արտադրության ծավալների աճին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սաֆարյանը:

Պտուղ-բանջարեղենի արտադրության և արդյունավետ իրացման համար ևս, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է միջնորդ կառույցների ձևավորում:

«Պետք է նաև զարգացնել կոոպերատիվ շարժումը Հայաստանում, որ մարդիկ իրենց հողակտորներով միավորվեն և միասին տնտեսություն վարեն, պետական տնտեսություններ էլ պետք է լինեն, իմ կարծիքով: Պետք է դիտարկել, թե որ տարածաշրջանում տնտեսվարման ո՞ր ճյուղն է արդյունավետ, այն խթանել ու զարգացնել»,-հավելեց Վազգեն Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ` կառավարության կողմից համապատասխան որոշումների, էժան վարկային ռեսուրսների և հարկային մեղմ քաղաքականության դեպքում, հնարավոր կլինի հասնել իր ասած ծրագրերի իրագործմանն ու արդյունք ապահովել:

«Բնականաբար, մարդիկ կսկսեն այդ ուղղությամբ աշխատել: Երբ պետությունը հարկային, մաքսային, վարկային քաղաքականություններով ուղղորդում է որևէ ուղղություն, ոլորտը սկսում է զարգանալ»,-ասաց մասնագետը: Մի ուրիշ խնդիր է, ըստ Սաֆարյանի, հողերի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անմշակ հողատարածքների շահագործումը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ռիսկայնությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ եթե այն չի կազմակերպվում բաց երկնքի տակ, ամենևին էլ ռիսկային չէ: Այս համատեքստում նա վկայակոչեց կառավարության կողմից ջերմոցային տնտեսությունների զարգացման և արտոնությունների ծրագիրը: «Ռիսկայնությունը պակասեցնելու համար պետք է ստեղծել ջերմոցային տնտեսություններ, որոնք քամուց, արևից, կարկուտից կարող են պաշտպանել բերքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Վազգեն Սաֆարյանը կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մոտ երկու միլիարդ դոլար է, մինչդեռ 4 տարի առաջ այն 3 միլիարդ դոլար էր, այսինքն` 1/3-ի հարաբերակցությունը փոխվել է 1/2-ի: «Դա ինչ-որ չափով տեղական արտադրության ծավալների մեծացման մասին է խոսում: Վերոնշյալ քայլերը կատարելու դեպքում կկարողանանք հասնել նրան, որ մեր արտահանման ծավալները, ինչպես ՀՀ նախագահն է ասում, կդառնա ՀՆԱ-ի 40-45 տոկոսի չափով, այդ դեպքում, մենք արտահանված ապրանքներից հավելյալ տարադրամ կբերենք Հայաստան»,-ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության Նախագահը նշել է, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ`ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս