«Եթե սնունդ տանք՝ վճարը պետք է դարձնենք 200.000 դրամ». «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն
Հայաստանում բուժհիմնարկների մեծամասնությունը բավական վատ վիճակում են գտնվում այն առումով, որ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդները բուժման համար մեծ գումարներ են վճարում, սակայն երբեմն ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն ստանում, այլև հիվանդանոցներում նրանց սնունդ չի տրամադրվում:
Հիվանդանոցների մեծամասնության պարագայում անգամ կոնկրետ հաշվարկ չի կատարվում, թե ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների համար օրական սննդին որքա՞ն գումար կարելի էր հատկացնել:
Ըստ med-practic.com-ի, օրինակ Գյումրի բկ-ում սրտաբանական բաժանմունքում մեկ օրվա գինը 15.000 դրամ է սահմանված: Երևանում ստացիոնար բուժման գներն ավելի բարձր են: Հիվանդներից գանձվող գումարները ծառայում են դեղորայքի, բուժանձնակազմի աշխատավարձերի վճարմանը, սակայն ոչ մի խոսք չկա հիվանդներին սնունդ տրամադրելու մասին:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հիվանդանոցում սնունդ չեն տալիս:
«Չկա պետպատվերի մեջ ներառված սնունդ: Մենք նաև չունենք այդ հարմարությունը, որպեսզի կարողանանք դա կազմակերպել: Վճարովի համակարգում բուժվող հիվանդն ինքն էլ կարող է սնունդ պատվիրել: Գների մեջ չի ներառված: Չի էլ քննարկվել: Գյումրին փոքր քաղաք է, տնից մինչև հիվանդանոց հասնելը 500 դրամ է, այսինքն՝ սննդի խնդիր չունեն: Իրենց հարմար է տնից բերել: Վերջը ես եկամտի չափ պետք է ունենամ, եթե նման ծախսեր անեմ, որպեսզի սնունդ տամ: Եթե տանն իր վրա կնստի 1000 դրամ, ապա իմաստը ո՞րն է, որ հիվանդանոցում հիվանդին 2000 դրամի սնունդ տամ, երբ Գյումրիում տարածությունն այնքան կարճ է, սննդի խնդիր էլ չկա»,- նշեց Ա. Իսահակյանը:
Հարցին, օրինակ՝ որքա՞ն է կազմում Գյումրի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման համար սրտաբանական բաժանմունքում մեկ օրվա արժեքը, Ա.Իսահակյանը պատասխանեց. «Վճար օրականով չկա: Հետազոտությունների համար առաջին օրը 25000 դրամ է: Այդ գումարը վճարեց, հիվանդը հետազոտություններ է անցնում, ներառյալ՝ էխոսկոպիա, սրտի էկագե, տարբեր անալիզներ են արվում: Երկրորդ օրը, երբ հետազոտություններն անցնում է, անցում է կատարվում սովորական վճարովի գներին, որը կարող է լինել օրավարձով կամ կոնկրետ հիվանդության գնին համարժեք գումար կգանձվի: Կարող է լինել 90000, կարող է լինել 150.000 դրամ գումար: Նայած, թե ինչ հիվանդություն է»:
Կոնկրետ սրտի ինֆարկտի պարագայում ստացիոնար բուժում կազմակերպելու համար օրավարձը որքա՞ն է կազմում՝ հարցին էլ պատասխանեց. «Եթե հիվանդը 10 օր պառկում է, կարող է 150.000 դրամ մուծել, և վերջ: Վճարովի հիվանդ է, 150.000 դրամ հիվանդը մուծեց, ուզում եք, որ սնո՞ւնդ տանք: Իմաստ չկա, որովհետև էլի եմ ասում՝ եթե սնունդ տանք, վճարը պետք է դարձնենք 200.000 դրամ: Արժե՞»:
Ա. Իսահակյանը պարզաբանեց, որ հիվանդանոցին մուծած գումարների 60-65 տոկոսն աշխատավարձերին է գնում, մնացածը՝ դեղորայքին, լույսին, գազին, ջրին. «Սնունդը հաշվարկված չէ, բացի այդ, մարդկանց համար տներից բերելն ավելի նպատակահարմար է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հիվանդանոցի բյուջեին, ապա Ա. Իսահակյանը հավաստեց, որ այն ձևավորվում է վճարովի ծառայություններից, պետպատվերից և համավճարից.
«Երեք տարբեր ֆինանսավորման եղանակներից, որի հետևանքով տեղի են ունեցել փոփոխություններ: Այսինքն՝ սահմանափակ բյուջե հասկացություն այլևս չկա: Մենք այդ հարցին կարող ենք անդրադառնալ մի քիչ ավելի ուշ, քանի որ հիվանդներն արդեն փաստացի են ֆինանսավորվում, մի քիչ փոխվել է»:
Որքա՞ն է կազմել հիվանդանոցի բյուջեն 2017 թվականին. «Այս օրերին հաշվարկում ենք, վճարովի ծառայությունները հաշվում ենք, ներկայացնում Առողջապահության վարչություն, հաշվարկը կլինի, մոտակա օրերին կարող ենք հստակ ասել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Շողիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ստացիոնար հիվանդներին անվճար սննդով ապահովելու հնարավորություն չունեն:
«Մենք սննդով չենք ապահովում հիվանդներին: Երկրաշարժից հետո նման հնարավորություն չունենք: Շատ փոքր բաժանմունք է մերը՝ ընդամենը 15 մահճակալով: Երբևէ նման հարց չի եղել: Ստացիոնար բուժում միայն պրոկտոլոգիայի դեպքում է առկա: Մնացած դեպքերում անհետաձգելի վիրահատություններ չկան, միայն պլանային: Հիվանդը բուժման արժեքն է վճարում: Հիվանդություններից կախված տարբեր գներ կան սահմանված՝ 50000-130.000 դրամ: Դա տվյալ հիվանդության բուժման արժեքն է: 5-10 օր է տևում բուժումը, կարճաժամկետը 5 օր է»,- ասաց Շողիկ Մակարյանը:
Նշենք, որ ի տարբերություն Գյումրու, Երևանի հիվանդանոցների մեծամասնության պարագայում դրանց բյուջեն շատ ավելի մեծ է, ուստի գուցեև ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների մուծած գումարների հաշվին հնարավոր է սննդով ապահովել հիվանդներին, սակայն սա պետք է տեղի ունենա ոչ ի հաշիվ ստացիոնար բուժման գների բարձրացման:
Մենք զանգահարեցինք Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից մեզ փոխանցեցին, որ ստացիոնարում բուժվող հիվանդներին իրենց մուծած գումարների հաշվին հիվանդանոցի կողմից սնունդ տրամադրվում է: «Մեր մոտ ցանկացած բաժանմունքում հիվանդները սնունդ ստանում են: Բուժման արժեքի մեջ դա ներառվում է»,- փոխանցեցին մեզ:
Հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նախակրթարանների պարագայում, ծնողական վարձավճարները կարող են մեկ ամիս շարունակ ծառայել երեխաների սնվելուն, սակայն որոշ հիվանդանոցներում 10 օր շարունակ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդն ինքը պետք է հոգա իր սննդի ծախսերի մասին, այն դեպքում, երբ 150.000 դրամից 10000 դրամը կամ վերը նշված գումարի 6 տոկոսը կարող էր հատկացվել հիվանդի 10 օրվա սննդի ծախսերին, և հենց հիվանդանոցների ճաշարաններում էլ կարելի էր կազմակերպել այդ գործընթացը:
Ինչպե՞ս է ստացվում, որ օրական 250 դրամով մեկ ամիս շարունակ երեխայի համար նախակրթարանում կարող է սնունդ կազմակերպվել, սակայն շատ բուժհիմնարկների ստացիոնար բաժանմունքներում բուժվող հիվանդների համար մուծած գումարների հաշվին հիվանդանոցների կողմից հիվանդներին մեծամասամբ սննդով ապահովելը չի կազմակերպվում:
Անահիտ Սիմոնյան