Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:
Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային տեղամասում ու մարտական դիրքում: Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:
Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների, նրանց ընտանիքների, հարազատների` բոլոր այն մարդկանց համար, ովքեր ոգեշնչում են զինծառայողներին իրենց գործը կատարելու, ովքեր որոշակի վաստակ են ունեցել հայրենիքի զինվորների կյանքի ուղու ընտրության և ովքեր շարունակելու են ճիշտ ճանապարհով ուղղորդել վաղվա զինվորներին, սպաներին, գեներալներին:
Հանրապետության Նախագահն այնուհետև սահմանամերձ Պառավաքարում հանդիպում է ունեցել այդ գյուղի, ինչպես նաև Վարագավան, Ներքին Ծաղկավան, Չինչին համայնքների բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ: Տոնական սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը զրուցել է նրանց հետաքրքրող և հուզող հարցերի մասին, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել գալիք տոների կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը Պառավաքարում ծաղիկներ է դրել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարին և Վեհափառ Հայրապետի հետ մոմ վառել հարևանությամբ գտնվող մատուռում: