«ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը. սա խուլիգանություն է». Արթուր Սաքունց
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանն անդրադարձավ օրենսգրքի այն դրույթին, որով փաստաբանների ու դատախազների նկատմամբ դատավորի կողմից 100 հազար դրամ տուգանք է սահմանվում, և նշեց, որ այն դուրս է գալիս դատական սանկցիայի շրջանակներից և հետապնդում է քրեական պատժին բնորոշ նպատակներ։
«Օրինակ՝ Քրեական օրենսգրքում կան հանցանքներ, որոնք պատժվում են շատ ավելի քիչ չափի տուգանքով։ Չափից բացի, դա մի միջամտություն է անձի պրոֆեսիոնալ գործունեության նկատմամբ կամ դրա ընթացքում, որը ենթադրում է մյուս փաստաբաններին նմանատիպ գործողություններից զերծ պահելու նպատակ։ Սա ինքնին քրեական պատժին բնորոշ ֆունկցիա է։ Այս սանկցիան հավասարաչափ չի կիրառվի կողմերի նկատմամբ։ Այսինքն՝ քրեական պատժին բնորոշ միջամտություն է՝ կողմերից մեկի՝ փաստաբանի նկատմամբ։
Փաստաբանը զրկված է լինելու անկողմնակալ դատարանի կողմից իր քրեական մեղադրանքի քննության իրավունքից։ Եվրոպական դատարանն ասում է, որ այս դեպքերում, երբ սանկցիայի հիմքում ընկած է փաստաբանի վարքը, որից անմիջապես խոցված է իրեն համարում դատավորը, պետք է լինի մեկ այլ վեճը լուծող մարմին, քանի որ չի կարող անկողմնակալ դատարան համարվել այն դատարանը, որը տուժել է փաստաբանի ենթադրյալ գործողություններից»։
Ըստ նրա՝ նախադեպը կա, որ այս մեթոդը չի աշխատելու. «Բազմաթիվ շատ հեշտ հաղթող գործեր կլինեն Եվրոպական դատարանում, որովհետև այստեղ խախտումն ակնհայտ է։ Մենք կոչ ենք անում՝ մինչև վերջնական ընդունումը՝ այս դիրքորոշումները հաշվի առնել»։
Փաստաբանը կարևոր է համարում նաև դատավորների պաշտպանությունը. «Մենք դատավորների իրավունքների դատական պաշտպանության համար, արդեն 18 տարի է՝ առաջարկում ենք, բայց չի ընդունվում այն պատճառաբանությամբ, որ Բարձրագույն դատական խորհուրդը և նախկինում Արդարադատության խորհուրդը հանդիսանում են դատարան, հետևաբար՝ դրա որոշումները չեն կարող բողոքարկվել։ Խնդիրն այն է, որ Վենետիկի հանձնաժողովն այս բացը նշել է, բայց չի ներառվել»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ խորհրդարանում ընդունված օրենսգրքի տարբերակը Վենետիկի հանձնաժողովին ուղարկվածը չէ. «ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է, որի բուն իմաստը չեմ հասկանում։ Մի կողմից՝ զարմացած չեմ, մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ իշխանություններն այնքան վստահ չեն իրենց նախագծի վրա, որ սկսում են նաև այդ մակարդակում այսպիսի աճպարարությամբ զբաղվել։ Ես ցավում եմ, որ ԱԺ-ում այդ հարցին պատշաճ ուշադրություն չդարձրին»։
Ըստ նրա՝ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, բայց դրանց շուրջ նույնիսկ քննարկումներ չեն կազմակերպվել. «Սա խոսում է բռնապետական հակումներ ունեցող գործելակերպի մասին։ Դատական իշխանության կողմից ծպտուն չկա, զարմանալի է, չէ՞։ Նրանք ինչո՞ւ ձայն չեն հանում։ Չկա այդ ահազանգը, ինչը խոսում է դատական իշխանության և դատավորների անկախության բացակայության մասին»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ մինչև այս տեղի ունեցած հետազոտությունները, որոնք բարձրաձայնում էին ոլորտի խնդիրները, իրականում ամբողջությամբ անտեսվեցին. «Մինչ Վենետիկի հանձնաժողովը պատրաստում էր կարծիք այս սահմանադրական օրենքի կարծիքի վերաբերյալ, ընդունվեց և մշակվեց մի նոր նախագիծ՝ գործող
Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Այսինքն՝ զուգահեռ՝ ՀՀ ԱԺ կայքում դրված է նույն օրենքի վերաբերյալ երկու նախագիծ. մեկը՝ սահմանադրական օրենք դատական օրենսգրքի նախագիծ, մյուսը՝ գործող դատական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունների իրականացման նախագիծը: Դրանք էլ կարգավորումների տեսանկյունից հակասություններ են պարունակում»: