«Կներեք, այդ հեքիաթներին ես չեմ հավատացել». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների կամքով երբեք դրական փոփոխություններ չեն եղել, որովհետև մարդու իրավունքների ոլորտում ցանկացած դրական փոփոխություն, ըստ նրա՝ կարող է հետագայում իշխանության կորստի հանգեցնել։

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպանն ասաց, որ բռնապետական ցանկացած իշխանություն ցանկանում է հնարավորինս շատ իշխանություն ունենալ և երբեք չգնալ բարեփոխումների.

«Սա սովորական բան է։ Ի վերջո, ես սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ բազմիցս ասել եմ, որ այն նպատակ չունի մարդու իրավունքների ոլորտում դրական փոփոխությունների բերել։ Այսպիսի հոգեբանություն ունեցող իշխանությունը, որը մենք տեսել ենք տարիների ընթացքում, ի վերջո, Մարտի 1 տեսած իշխանությունները հանկարծ բարի կամք են դրսևորում և ժողովրդավարացնո՞ւմ են։ Կներեք, այդ հեքիաթներին ես չեմ հավատացել։ Իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա ցույց տվեք ինձ որևէ պետություն, որտեղ դատարանը կախված է գործադիր իշխանությունից, և այդ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են։ Չկա, գոյություն չունի այդպիսի պետություն, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանությունն է»։

Իշխանյանը նկատեց՝ շատ կարևոր է, թե ով է նշանակում դատավորին. «Ես դա համարում եմ սկզբունքային հարց։ Եվ շատ հաճախ, երբ քննարկումներ են եղել իմ միջազգային գործընկերների հետ, ինձ մի բան են հարցնում՝ ձեզ մոտ ո՞վ է նշանակում դատավորին, պատասխանում եմ՝ նախագահը, ասում են՝ կարող ես չշարունակել։ Սա շատ էական խնդիր է։ Եվրոպական երկրներում պառլամենտական համակարգն իսկապես ավելի մեծ երաշխիքներ է տալիս դատարանի անկախությանը, քան նախագահական համակարգը։

Օրինակ՝ Գերմանիայում Մերկելը որևէ ազդեցություն չունի դատավորների նշանակման հարցում։ Բայց մեզ մոտ այդպես չի լինելու։ Մյուս տարվանից դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մենք ունենալու ենք ձևի փոփոխություն, իսկ բովանդակությունը մնում է նույնը։ Սահմանադրությամբ ոչ թե նախագահից է կախված ամբողջ դատաիրավական համակարգը, այլ կուսակցությունից, իսկ քանի որ կուսակցությունն էլ կախված է իր նախագահից, ապա մենք ունենում ենք այդ նույն վիճակը՝ նախագահի փոխարեն՝ ունենում ենք կուսակցության ղեկավարից կախված դատական համակարգ։ Ահա սա է Սահմանադրության 166-րդ և 174-րդ հոդվածների ամբողջ տրամաբանությունը։ Այստեղից ելնելով՝ Դատական օրենսգիրքն ինչ-որ իմաստով դառնում է երկրորդական»։

Ավետիք Իշխանյանը Դատական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ հետևյալ առաջարկություններն արեց. «Դատավորների՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք. այստեղ հարցը դրված է, որ որոշ դեպքերում նա կարող է զբաղվել, մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես դատավորը ձեռնարկատիրական գործունեությամբ չպետք է զբաղվի։ Հոգեբանական թեստեր. գրավոր քննություն տալուց հետո դատավորի թեկնածուն պետք է նաև հոգեբանական թեստեր անցնի, սա դառնում է արդեն սուբյեկտիվ գործոն, և գրավորից բարձր նիշեր ստացած թեկնածուն հոգեբանական թեստով կարող է խաղից դուրս մնալ՝ շատ պարզ պատճառով»։

Տեսանյութեր

Լրահոս