
ՀՀ բնակչության 33%-ը պատրաստ է ընդմիշտ հեռանալ Հայաստանից. Կովկասյան բարոմետր

«Կմեկնեի՞ք Հայաստանից՝ այլ վայրում մշտապես բնակվելու»։ 2017 թվականին Հայաստանի բնակիչների 33%-ը այս հարցին դրական պատասխան է տվել։ Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։
Հարցվածների 65%-ը պատասխանել է, որ մշտապես չէր մեկնի, իսկ 2%-ը դժվարացել է պատասխանել։
Ի դեպ, երբ խոսքը ոչ թե մշտական, այլ ժամանակավորապես երկրից հեռանալու և այլ վայրում բնակվելու մասին է, դրական պատասխան տվածներն ավելի շատ են՝ 57%։
Իհարկե, մտահոգիչ է, որ բնակչության 1/3-ը հնարավորության դեպքում պատրաստ է մշտապես հեռանալ Հայաստանից և հաստատվել արտերկրում։ Սակայն կրկնակի մտահոգիչ է այն, որ տարիների ընթացքում այդ թիվը կայուն աճել է։ 2008 թվականին, օրինակ, Հայաստանից մշտապես մեկնելու ցանկություն հայտնողների կշիռը 18% էր։