«Քաղաքական կամքի դեպքում Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորման նոր փաստաթուղթ բանակցել»

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցն իրատեսական կարող է դառնալ երկու գործոնի առկայության պարագայում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր, քաղաքագետ Միտատ Չելիկպալան՝ անդրադառնալով վերջերս ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի՝ Հունաստանում  արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Հունաստանի արտգործնախարարությունում՝ Նալբանդյանն անդրադարձել էր միջազգային կարևորագույն խնդիրներին, բնականաբար, չշրջանցելով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը։ Նա վերահաստատել էր ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը։

«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը:

Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»,- նշել էր նախարարը։

Թուրք վերլուծաբանի խոսքով՝ այդ արձանագրություններն ապագա չունեին, և նման փաստաթղթերը հեռանկար չեն ունենալու, քանի դեռ կողմերն իսկապես չեն ձգտում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որոնց հետևանքով կբացվի նաև սահմանը, կողմերը ներկայումս սահմանի բացման հարցում իրենց շահը չեն տեսնում:

Ըստ Չելիկպալայի՝ 2008 թվականին դեռ տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանին ու Թուրքիային ուժի գործադրմամբ փորձում են «ամուսնացնել»: «Նման ամուսնություններն ինչ ճակատագիր կարող են ունենալ»,- նկատեց Միտատ Չելիկպալան: Թուրք քաղաքագետի խոսքով՝ ներկայումս չկան այնպիսի գործոններ, որոնք շահագրգռեն Թուրքիայի իշխանություններին՝ մտածել սահմանի բացման ուղղությամբ:

«2008 թվականին Թուրքիան համաձայնեց հայ-թուրքական արձանագրությունների կազմմանը, քանի որ այդ հարցում ընդգրկված կենտրոններն իրենց ձեռքում լծակներ ունեին: Ակտիվորեն քննարկվում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը, իսկ ԵՄ նախապայմաններից մեկը հայ-թուրքական սահմանի բացումն է, այդ ժամանակ ՌԴ իշխանությունները ևս փորձում էին դրական դերակատարություն ստանձնել Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման և ռուսական հեղինակության անկման ֆոնին, 2008 թվականին ակտիվորեն քննարկվում էր նաև Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թուրք-ադրբեջանական հարաբերություններն այս ամենում չափազանց փոքր ազդեցություն ունեին այն ժամանակ, այդ պատճառով Թուրքիան գնաց այդ գործընթացին:

Ժամանակը ցույց տվեց, որ այս բոլոր լծակները թվացյալ էին, ժամանակն իրադարձություններն այլ հունով զարգացրեց, Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը սառեց, ԱՄՆ վարչակազմը չճանաչեց Ցեղասպանությունը, ներկայիս վարչակազմը լիովին հեռու է թեմայից, ռուս-թուրքական երկխոսությունն այսօր կենտրոնացած է Մերձավոր Արևելքի թեմաների վրա, այսօր արդեն իշխող դիրքեր է ստանում իսրայելական հարցը, իսկ Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումը»,- մեկնաբանեց Միտատ Չելիկպալան: Ըստ նրա՝ Թուրքիային այդ հարաբերությունները վերսկսել պարտադրող գործոններ չկան:

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցը իրատեսական կարող է դառնալ, եթե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցվի, որով մասամբ կբավարարվեն Ադրբեջանի տարածքային պահանջները, թեկուզ երկու տարածքի հանձնում, որը դրական կանդրադառնա թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և, երբ կառարկայանա Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը: Քանի դեռ այս երկու ուղղությամբ դրական ակնկալիք գոյություն չունի, Անկարան զիջումների չի գնա:

Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ հասարակությունները պատրաստ չեն սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը»,- պաշտոնական Անկարայի մոտեցումը ներկայացրեց թուրք քաղաքագետը:

Վերջինիս գնահատմամբ՝ չափազանց բացասական փաստ է այն, որ արձանագրությունների ձեռքբերումից հետո Հայաստանն ու Թուրքիան որևէ երկխոսություն չեն վարում: Դա, նրա կարծիքով, բացասական է ինչպես՝ երկու երկրների, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանի համար:

«Սակայն քաղաքականությունը միշտ անկանխատեսելի է, չեն բացառվում անակնկալ տեղաշարժերը տարածաշրջանում, բայց դրանց հավանականությունն այսօր չափազանց փոքր է, քանի որ գերտերություններն այսօր լուրջ խնդիրներով են զբաղված` Իսրայել, Ուկրաինա, Սիրիա, որոնցում ներգրավված են թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը, թե Եվրոպան, որոնք այն կենտրոններն են, որ պետք է զբաղվեն հայ-թուրքական հարաբերություններով: Թեև երրորդ կողմերի միջամտությունները սովորաբար վնասում են երկկողմ գործընթացին»,- ասաց թուրք քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ այս արձանագրությունները՝ անկախ ՀՀ իշխանությունների ապագա քայլերից, դատապարտված են բացասական ճակատագրի երկու կողմերի քաղաքական կամքի բացակայության պատճառով:

«Սակայն ապագայում նշածս գործոնների առկայության դեպքում հնարավոր է նոր երկխոսություն ծավալել և կազմել նոր փաստաթղթեր, որոնք կբավարարեն տվյալ ժամանակի պահանջին: Կողմերը դրան պետք է ձգտեն, քանի որ տարածաշրջանում փակ սահմանի առկայությունը վնասում է ողջ տարածաշրջանին, բոլոր ոլորտներին»,- ասաց Չելիկպալան:

Տեսանյութեր

Լրահոս