«Հայկական թռչնամիսը լիովին անվտանգ է, չի պարունակում սալմոնելայի և լիստերիայի հարուցիչներ». Սերգեյ Ստեփանյան
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայկական թռչնամիսը լիովին անվտանգ է.
«Հայ թռչնաբույծները ոչ մի կերային հակաբիոտիկներ չեն օգտագործում։ Հակաբիոտիկներ օգտագործվում են միայն դեղորայքային միջոցների ձևով՝ բուժման նպատակով։ Չենք օգտագործում նաև խթանիչներ, հորմոնալ խթանիչներ, որոնք շատ թանկ հաճույքներ են։ Ձգտում ենք աստիճանաբար կերային ծագում ունեցող սպիտակուցներից խուսափել, օգտագործում ենք հիմնականում բուսական ծագում ունեցող սպիտակուցներով կերեր»։
Թռչնամսի շուկան, ըստ նրա՝ դարձել է զգայուն և մրցունակ. «Մեծ խաղացողների թիվն ավելացել է, արտադրությունը տարեցտարի 4-5 տոկոսով աճում է։ Վերջին տարիներին թռչնամսով զբաղվող փոքր ընկերությունները չկարողացան շուկայի մրցակցությանը դիմանալ, դուրս եկան։ Խոշորներն արտադրում են, ունեն հնարավորություն, սպանդանոցային լավ տնտեսություններ, բայց վերազինման կարիք ունեն, հատկապես՝ սննդի անվտանգության կրիտիկական կետերի վերացման ուղղությամբ։ Բայց չենք կարող տեղական արտադրանքը համեմատել ներկրվողի հետ։ Մենք արտադրում ենք թարմ, պաղեցված միս, որը 3-5 օր հանգիստ հնարավոր է շուկայում սառնարաններում պահպանել։ Ուրիշ բան, որ ներկրողները շահույթի հետևից ընկնելով՝ ներկրում են էժան և անորակ թռչնամիս»։
Սերգեյ Ստեփանյանը տեղեկացրեց, որ սահմանին փորձաքննություն անցնում են թռչնամսի միայն այն խմբաքանակները, որոնք կասկած են հարուցում. «Բայց քանի որ փորձաքննությունը թանկ արժե, անհնար է անընդհատ այդպիսի միջոցառումներ իրականացնել: Տեղական ընկերությունները, մինչդեռ, թարմ միս են արտադրում, որի մեջ սալմոնելայի և լիստերիայի հարուցիչներ չկան։ Եթե միսը երկար է մնում խանութներում, ապա դրանք հնարավոր է՝ առաջանան, բայց 70-90 աստիճանի ջերմամշակման ժամանակ դրանք վերանում են»։
Թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ Հայաստանում տարեկան միջինը սպառվում է 36-38 հազար տոննա թռչնամիս, որից շուրջ 10 հազար տոննան՝ տեղական արտադրության: «Ներկայումս Հայաստանում գործում են ձվարտադրող 8 և թռչնամիս արտադրող 11 մասնագիտացված ֆաբրիկաներ»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում