ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ու Հայաստանը

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահությունից համարյա թե մեկ տարի անց հռչակեց ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը դիտարկվում է՝ որպես ԱՄՆ գլխավոր մարտահրավեր, իսկ Չինաստանը` գլխավոր մրցակից: Սրանք այն երկրներն են, որոնք, ամերիկացի քաղաքագետների կարծիքով, փորձում են վերանայել աշխարհակարգը:

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը ներառում է 4 գլխավոր կետ՝ ամերիկացի ժողովրդի պաշտպանությունը, ԱՄՆ-ի բարեկեցության առաջխաղացումը, ուժի միջոցով խաղաղության պահպանումը և ամերիկյան ազդեցության խթանումը։ Թրամփի ռազմավարությունում ասվում է, որ գերտերությունների մրցակցությունը վերադարձել է: Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ը այսօր առճակատվում է երկու ռևիզիոնիստական երկրների` Ռուսաստանին, Չինաստանին, որոնք ցանկանում են փոխել ստատուս-քվոն՝ ի վնաս ամերիկական շահերի:

«Նրանք վճռական են, որպեսզի տնտեսությունն ավելի քիչ ազատ ու արդար դարձնեն, զինված ուժերն ավելացնեն, հասարակության ճնշման և դրանց ազդեցության ընդլայնման համար վերահսկեն տեղեկատվությունը և տվյալները»:

Չինաստանը և Ռուսաստանը զարգացնում են ժամանակակից զենքեր և հնարավորություններ, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ կառավարման ձևին, վերահսկողությանը, ենթակառուցվածքներին: Ռուսաստանը միջամտում է աշխարհի բոլոր երկրների ներքին քաղաքական գործերին: Ռուսական հավակնությունների և աճող ռազմական կարողությունների համադրումը Եվրասիայում անկայուն սահմաններ է ստեղծում, որտեղ ռուսական սխալների պատճառով հակամարտությունների վտանգն աճում է:

Ռուսաստանն օգտագործում է քայքայիչ գործողություններ` նվազեցնելով Եվրոպայի վստահությունն Ամերիկայի հանձնառությանը, խաթարում է տրանսատլանտյան միասնությունը:

«Ներխուժելով Վրաստան և Ուկրաինա՝ ՌԴ-ն ցույց տվեց տարածաշրջանում պետությունների ինքնիշխանությունը խախտելու իր պատրաստակամությունը: ՌԴ-ն շարունակում է վախեցնել հարևաններին»:

ԱՄՆ նոր ռազմավարության համաձայն՝ Հյուսիսային Կորեան և Իրանը ևս սպառնում են ամերիկացիներին: Հյուսիսային Կորեան և Իրանը, ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի, վճռականորեն են տրամադրված տարածաշրջանն ապակայունացնելու համար՝ սպառնալով ամերիկացիներին և դաշնակիցներին, ինչպես նաև՝ դաժանաբար վերաբերվելով սեփական ժողովրդի հետ:

«Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին և մեր ոչնչացման բացահայտ կոչ է անում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Վերջինիս խոսքով՝ Հյուսիսային Կորեան անողոք բռնապետություն է, որի համար արժեք չունի մարդկային արժանապատվությունը:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ապագայի աշխարհը, որը տեսնում է Ամերիկան, կազմված է սեփական քաղաքացիներին և հարևաններին հարգող հզոր, անկախ պետությունների միասնությունից:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլ նշում է՝ ամերիկյան իսթեբլիշմենթի մշակած փաստաթուղթը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Նա ասաց, որ փաստաթուղթը ներառել է ժամանակակից համարյա բոլոր աշխարհաքաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև նախագահ Թրամփի նախընտրական գլխավոր կարգախոսները:

Փոլ Գոբլի խոսքով՝ 1 տարի առաջ Թրամփի նախագահությունից ոգևորված ռուսական պրոպագանդան այսօր ջանում է ամեն կերպ ցույց տալ, որ նախընտրական շրջանից հետո նախագահ Թրամփի դիրքորոշումը Կրեմլի հարցում փոխվել է, ռազմավարությունում չի արտահայտվում Թրամփի անձնական տեսակետը Ռուսաստանի նախագահի հանդեպ, սակայն, ինչպես Գոբլը նախկինում էր պնդում, ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվող մարդն անձնական դիրքորոշմամբ չի առաջնորդվում, նա առաջնորդվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերով, օբյեկտիվ իրականությամբ:

«Այս դեպքում օբյեկտիվ իրականությունը կարևորվեց, դրան մի շարք այլ հանգամանքներ ևս նպաստեցին: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Ռուսաստանը ոտնահարում է աշխարհակարգը:

Ընդհանուր առմամբ, Թրամփի նախընտրական ծրագրում կար Կրեմլի հետ հարաբերությունների կարգավորման նպատակ, բայց մյուս բոլոր ոլորտներում նրա քաղաքականությունը վերլուծելիս այն եզրահանգմանն էինք գալիս, որ, ի վերջո, ԱՄՆ-ի ռուսական քաղաքականությունը բավականին կոշտ է լինելու, քանի որ սա ամերիկակենտրոն քաղաքականություն է:

Փաստաթղթում նշվում է, թե ինչպես է ներկայիս Ռուսաստանը ոտնահարում աշխարհակարգը, ինչ գործողությունների է դիմել Վրաստանում և Ուկրաինայում, դա դատապարտվում է, ավելին, զսպիչ քայլեր են ձեռնարկվում պատժամիջոցների տեսքով:

Բայց պատժամիջոցներից զատ, ԱՄՆ-ը լուրջ քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ հարաբերություններում, և դա արտահայտվելու է ոչ միայն պատժամիջոցների, այլև այլ միջոցառումների տեսքով, ինչպիսին Ուկրաինային զենքի մատակարարումն է, և այլն, և այլն: Սա աշխարհը կայունացնող քաղաքականություն է լինելու, դրա կարևորությունը ներկայումս չափազանց մեծ է, դրանով էր պայմանավորված նախագահ Թրամփի կողմից այդ ռազմավարության ներկայացումը»,- նշեց Փոլ Գոբլը: Ամերիկացի նախկին դիվանագետի համոզմամբ՝ Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի առնել ԱՄՆ նոր վարչակազմի այս դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը գուցե փոխի նաև իր արտաքին քաղաքականության որոշ դրվագներ:

«Պետք է սպասել ռուսական արձագանքին»,- ասաց նա:

Հարցին, թե այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների որակը, Փոլ Գոբլը պատասխանեց, որ փաստաթղթում շեշտվում է նաև այլ երկրների հետ կառուցողական համագործակցության մասին:

«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին, գուցե ընդհանուր շահեր ունեն ԱՄՆ-ի հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Հարցի բնույթը հասկանում եմ, Հայաստանի մտահոգություններն ընկալելի են, բայց, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը նախընտրում է գործ ունենալ և խնդիրները լուծել գերտերությունների մակարդակում, ներկայիս վարչակազմն իրեն դիրքավորում է՝ որպես աշխարհի գլոբալ մարտահրավերները սանձող ուժ: Հենց սրանով է պայմանավորված ավելի պակաս ուշադրությունը ԼՂ հակամարտությանը, Հարավային Կովկասին, այստեղ առանցքային ուղղությունը չի փոխվելու, ԱՄՆ-ը շարունակելու է իր քաղաքականությունը, ինչպես նախկինում:

Բայց ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր պետք է վերլուծի իր քայլերը, քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ներկայումս Նահանգների համար թշնամական երկիր է: Սա Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Հարցը պետք է դիտարկել այլ հարթությունում` Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում Երուսաղեմի հարցով բանաձևին կողմ քվեարկեց:

Ամերիկյան իշխանությունները մի շարք հայտարարություններ էին արել այս քվեարկության վերաբերյալ, նշել, որ հատուկ վերաբերմունք կունենան այն երկրների նկատմամբ, ովքեր կողմ կքվեարկեն, սա ԱՄՆ-ը կարող է ընդունել՝ որպես ոչ բարեկամական քայլ` անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից:

Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ինչը նշանակում է, որ, թեև կա ընկալում, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանից առանձին է դիտարկվում, ինչը Հայաստանը կարող է օգտագործել իր օգտին: Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց՝ ցույց տալով, որ փորձ է անում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, ինչը դրական ուղերձ է Արևմուտքին:

Տպավորություն կա, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս խորությունը պահպանվում է: Ղարաբաղյան հակամարտության օրինակով տեսնում ենք, որ ամերիկյան քաղաքականության ուղղությունը Ղարաբաղում չի փոխվել, ըստ էության կարելի է նույնն ասել Հայաստանի վերաբերյալ: Բայց ընդգծեմ, որ Հայաստանի քաղաքականությունից է կախված հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա մակարդակն ու որակը»,- մեկնաբանեց Փոլ Գոբլը:

Նրա կարծիքով՝ բացասական հանգամանքն այն է, որ ամերիկյան գլխավոր փաստաթղթում Հայաստանի համար երկու կարևոր երկրներ` Ռուսաստանն ու Իրանը, ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են՝ որպես սպառնալիք: «Դա նշանակում է, որ այս երկու երկրների հանդեպ ԱՄՆ-ը հատուկ քաղաքականություն է վարելու, որն անդրադառնալու է Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վրա: Բայց ճիշտ քաղաքականության դեպքում այս ռիսկերը կարող են մինիմալի հասցվել»,- ասաց Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս