ՍԱՊԾ-ն նախատոնական և հետտոնական օրերին կանցնի աշխատանքային խստացված ռեժիմի. նորանշանակ պետ
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախատոնական և հետտոնական օրերին կանցնի աշխատանքային խստացված ռեժիմի. տեսուչների կողմից ուժեղացված հսկողություն կսահմանվի հանրապետության մսի վաճառքի և սննդամթերքի իրացման կետերում՝ բացառելու դրանց որակի խախտման դեպքերը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊ ծառայության նորանշանակ պետ Համլետ Ապրեսյանը:
Նա տեղեկացրել է, որ անհամապատասխանություն լինելու դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ իրացվող վտանգավոր սննդամթերքն անմիջապես կհանվի վաճառքից և կոչնչացվի:
Հ. Ապրեսյանը նշել է, որ իրենց ծառայության առաջնային խնդիրն է՝ հայտնաբերել սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգները՝ կանխելով և վերացնելով համար դրանց ներթափանցումն ու տարածումը:
Խոսելով ՍԱՊ ծառայությունում գործող «Թեժ գծի» մասին՝ Հ. Ապրեսյանը նաև հայտնել է, որ դա հանրությանը մասնակից դարձնելու արդյունավետ գործիք է, որը համարվում է բնակչության և այլ շահագրգիռ կողմերի համար ծառայության հետ կապ հաստատելու առաջնային միջոցներից մեկը:
«Յուրաքանչյուր ահազանգի դեպքում արձագանքը կլինի օպերատիվ և ժամանակին: Նշեմ, որ մենք երաշխավորում ենք տեղեկատվություն տրամադրողների գաղտնիությունը,-ասել է ծառայության պետը և ավելացրել,-մենք ցանկանում ենք ՍԱՊԾ-ն դարձնել սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր, խթանել սննդամթերքի անվտանգության մշակույթի զարգացումը հասարակության շրջանում, ինչպես նաև ունենալ իրազեկ և պահանջատեր սպառողների մեծամասնություն: Մեր գործունեության ընթացքում նաև համագործակցելու ենք պետական մարմինների, համայնքների, հասարակության և մասնավոր ոլորտի կազմակերպությունների հետ: Ձգտելու ենք ՍԱՊԾ-ն դարձնել բաց և թափանցիկ կազմակերպություն՝ դրանով իսկ խթանելով կառույցի հեղինակությունը»: