Ինչպե՞ս կատարել անվտանգ օնլայն գնումներ․ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները

«Հայաստանում համացանցից օգտվողների քանակը գնալով աճում է։ Հիմա մեր բնակչության մոտ 70-75 տոկոսն օգտվում է համացանցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի բնակչությունը սկսել է ակտիվ զբաղվել էլեկտրոնային առևտրով. «2017թ. կարելի է համարել Հայաստանում էլեկտրոնային առևտրի աճի տարի։ AliExpress-ն ու Amazon-ը դարձել են ամենաայցելվող կայքերը։ Միջնորդ կազմակերպությունների տվյալներով` այս տարի «Սև ուրբաթի» ժամանակ մոտավորապես ողջ տարվա առևտրի 10 տոկոսն իրականացվել է այդ 1-2 օրվա ընթացքում։ Այսինքն՝ բնակչությունը շատ ակտիվ մտնում է էլեկտրոնային առևտրի մեջ, ինչը բերում է իր վտանգները»։

Ըստ մեդիափորձագետի՝ մինչ այդ հայաստանցիներն այդքան էլ հետաքրքիր չէին շատ հակերային խմբերի համար, որովհետև գումար չունեին իրենց հեռախոսների, համակարգիչների մեջ, գնումներն առձեռն էին կատարում. «Իսկ հիմա մենք փոքր, բայց համեղ պատառ ենք, և արդեն կարելի է տեսնել, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում բավականին մեծ քանակի հարձակումներ եղան։ Իհարկե, վիճակագրություն չկա, ես կարող եմ միայն նշել այն օրինակները, որոնք ես գիտեմ, բայց փաստացի մեծ քանակի բանկային քարտի տվյալների գողության դեպքեր եղան, ընդ որում՝ այդ թեժ առևտրային օրերին»։

Ըստ նրա՝ Հայաստանի բնակչությունը շատ քիչ է կրթված էլեկտրոնային առևտրի առումով. «Փորձը ցույց տվեց, որ խայծը շատ հեշտ են կուլ տալիս։ Ֆեյսբուքում Հայաստանը թիրախավորած խանութ էր գովազդվում, որն առաջարկում էր շատ էժան ապրանքներ։ Բնականաբար, երբ մարդիկ տեսնում էին, որ 5000 դոլարանոց ապրանքը վաճառում են 150 դոլարով, մարդիկ գայթակղվում են, և քաշվում, որովհետև իրենց քարտի տվյալները փաստացի տրամադրում են այդ խանութներին. և՛ ապրանքը չի գալիս, և՛ քարտի տվյալն է օգտագործվում այլ առևտրի համար»։

Օնլայն առևտրով զբաղվողներին մասնագետը հետևյալ խորհուրդներն է տալիս. «Առաջին՝ օգտվել հայտնի խանութներից, պետք է շատ ուշադիր կարդալ, օրինակ՝ նույն AliExpress-ը com-ով է, այլ ոչ թե՝ այլ դոմեյնով: Երկրորդ՝ եթե ինչ-որ անծանոթ խանութ է, ցանկալի է ճշտել ծանոթներից, ովքեր հասցրել են օգտվել։ Երրորդը բանկային քարտի պաշտպանությունն է․ գերադասելի է բանկում բացել օնլայն բանկինգ, պահել առանձին քարտ՝ օնլայն առևտրի համար, այդ քարտի վրա քիչ գումար պահել, ընդ որում՝ քարտը լինի գերծախս թույլ չտվող քարտ, և առևտրից առաջ գումարը գցել քարտի վրա, առևտուրն անել, մնացորդը նորից հանել։ Այդ դեպքում, եթե նույնիսկ ոչ վստահելի խանութից անեք առևտուրը, քարտի տվյալները կորչեն, դուք շատ գումար չեք կորցնի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս