Ուսուցչի աշխատավարձի կրճատման մասին լուրերն անհիմն են. իսկ ի՞նչ կլինի 2019 թվականին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ուսուցիչների շրջանում տեղեկություններ են տարածվում, որ 2018 թվականի հունվարից իրենց վճարվող աշխատավարձերը կրճատվելու են 5 հազարական դրամով, ինչը եւ չափազանց մտահոգել է նրանց:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, պատասխանելով խնդրի վերաբերյալ մեր հարցմանը, ասաց.
«Ես չգիտեմ՝ այդ լուրերը որտեղից են տարածվել: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել, որ նախարարությունում նման հարց չի քննարկվել»:
Կրթության ոլորտի տարբեր պատասխանատուներ, այդ թվում՝ նախարար Լեւոն Մկրտչյանը, ավելի վաղ հայտարարել են դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւի անցնելու մտադրության մասին: Նշվում էր, որ այդ ամենի արդյունքում նաեւ պետք է սահմանվի ուսուցչի բազային աշխատավարձ, որպեսզի դրա չափը կախված չլինի աշակերտների թվից:
Դպրոցներն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են ըստ աշակերտների քանակի: Շեշտադրվում էր, որ այդ սկզբունքը անարդարության պատճառ է դառնում, որովհետեւ միեւնույն աշխատանքը կատարող ուսուցիչներից մեկը վարձատրվում է համեմատաբար բարձր, մյուսը՝ ցածր: Միեւնույն ժամանակ չէր բացառվում, որ հավասարության ապահովման ընթացքում հնարավոր է ընտրվի երկու աշխատավարձի միջինացված տարբերակը: Այսինքն՝ մեկի աշխատավարձը նվազի, մյուսինը՝ բարձրանա:
Աշոտ Արշակյանն ասաց, որ դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւը դեռ քննարկաման փուլում է, հետեւաբար դրանից բխող որեւէ փոփոխություն չկա: «Այդ բանաձեւը որեւէ կապ չունի ներկայիս գործող ֆինանսավորման հետ: Այն դեռ չի կիրառվում, ինչի՞ մասին է խոսքը»,- նկատեց հանրակրթության վարչության պետը:
Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձի չափը 2018 թվականի հունվարից ոչ մի փոփոխության չի ենթարկվելու, նա պատասխանեց. «Այո, այդպիսի հարց չի քննարկվել»:
«Ուսուցչի աշխատավարձն, առհասարակ, ձեւավորվում է դպրոցում: Հնարավոր է ինչ-որ մի դպրոցում մի ուսուցչի աշխատավարձ, ժամաքանակի հետ կապված, նվազել է: Եթե մասնավոր դեպք է, ասեք՝ որ դպրոցն է, քննարկենք, հասկանանք պատճառը»,- առաջարկեց ԿԳՆ պաշտոնյան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: