Երևանում կգործի 1 ընդհանուր իրավասության դատարան. Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Դատական օրենսգրքի փոփոխությունները
ՀՀ դատական օրենսգրքում զգալի փոփոխություններ են մշակվել, որոնք այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Փորձել ենք ամրագրել դատական իշխանության կազմակերպման հիմունքներն ու սկզբունքները, սահմանել ենք դատարանների շրջանակը, ամրագրել ենք նոր՝ սնանկության 1 դատարան, կարգավորել ենք, թե ինչ է նշանակում՝ ինքնակարգավորման մարմիններ, նախատեսել ենք դատական սանկցիաների տեսակները, սահմանել ենք դատավորների գործունեության գնահատման չափանիշերը, կարգավորել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման հարցերը»,- ասաց Դ.Հարությունյանը։
Ըստ նրա՝ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով։
«Մի կարևոր հանգամանք կա. այսօր դատավորների թիվը սահմանվում է օրենքով։ Մենք որոշել ենք տվյալ պարագայում գնալ այլ ճանապարհով՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների համար նախատեսել օրենքով նվազագույն թիվը, հնարավորություն ընձեռելով Բարձրագույն դատական խորհրդին բյուջեի շրջանակներում ավելացնել դատավորների թիվը։ Սակայն վճռաբեկ դատարանի հետ կապված՝ մենք շատ կոշտ թվերն օրենքով ամրագրում ենք, և դրանք անփոփոխ են»,- ասաց Դ.Հարությունյանը։
Նա նշեց, որ էապես սահմանափակվում են դատարանների նախագահների լիազորությունները։ Նախարարի խոսքով՝ մեր դատարանները ներքին անկախության նվազ աստիճան ունեն, և այդ անկախությունը մեծացնելու համար մի շարք փոփոխություններ են արվել։
Օրենքի նախագծով նվազեցվել է դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև 10%` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու՝ Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը, մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ, և այլն:
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսուհետ պետք է տիրապետեն 4 լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, առնվազն 2-ին։
Դ. Հարությունյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում կներդրվի դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմ: