Բաժիններ՝

Թբիլիսիում բացվել են ամանորյա տոնավաճառները

Թբիլիսիի տարբեր շրջաններում սկսել են գործել ամանորյա տոնավաճառներ: Այդ մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Գլդանի-Նաձալադեւիի, Դիդուբեի, Վակե-Սաբուրթալոյի եւ Իսանի-Սամգորիի շրջաններում տոնավաճառները տեղավորվել են 16 վայրերում:

Դրանք գործելու են մինչեւ հունվարի 14-ը: Թբիլիսիում արդեն զգացվում է Նոր տարվա մոտենալը. մայրաքաղաքի փողոցներում միացրել են ամանորյա լուսավորությունը: Քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառել են դեկտեմբերի 15-ին: Ազատության հրապարակում Սուրբ Գեորգի արձանը, ավանդույթի համաձայն, զարդարել են լուսավառ կոնստրուկցիայով, որը հեռվից եղեւնի է հիշեցնում:

Ավելի վաղ քաղաքագլուխ Կախա Կալաձեն խոստացել է, որ Ամանորի կապակցությամբ տոնական միջոցառումները հիրավի ժողովրդական են լինելու եւ մեծ մասամբ անցկացվելու են մայրաքաղաքի ծայրամասերում՝ Գլդանիի եւ Սամգորիի շրջաններում, ինչպես նաեւ Թբիլիսիի պատմական մասում: Ժամանցային միջոցառումները Թբիլիսիում անցկացվելու են դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 7-ը:

«Դեդաենա» զբոսայգում կտեղավորվի ամանորյա ավան, որտեղ երկու շաբաթ կանցկացվեն համերգներ, ամանորյա երթեր, մարզական միջոցառումներ, կկազմակերպվեն ատրակցիոնների պարկ, բացօդյա կինոթատրոն եւ սահադաշտ: Դեկտեմբերի 31-ին մետրոն ուղեւորներին կսպասարկի ամբողջ գիշերվա ընթացքում: Բացի այդ, կհատկացվեն հատուկ ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կհասցնեն մինչեւ ամանորյա համերգների անցկացման վայրեր, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս