
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի վարժական ճամբար է խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի բանակի օդուժը դեկտեմբերի 18-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի վարժական ճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ի պատասխան Իսրայելի հարավի վրա արձակված հրթիռների, ռալմաօադյին ուժերի ինքնաթիռները Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի վարժական ճամբարին,- հայտնել են զինվորականները:- Ճամբարի տարածքում խոցվել են երեք կառույցներ, ինչպես նաեւ ահաբեկչական ենթակառուցվածքի այլ տարրեր»:
Բանակում հավելել են, որ «ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատասխանատու են համարում Գազայի հատվածից ցանկացած թշնամական գործողության համար»: Դեկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված երկու հրթիռները պայթել են հրեական պետության հարավի Խոֆ Աշքելոն տարածաշրջանային խորհրդի տարածքում, հայտնել է իսրայելական ոստիկանության մամուլի ծառայությունը: Haaretz թերթը նշել է, որ հրթիռներից մեկը վնաս է պատճառել շենքերից մեկին:
Ընդսմին բնակավայրի անվանումը չի ճշտվում: Երկրորդ հրթիռն ընկել է չբնակեցված վայրում: Իսրայելի վրա հրթիռների արձակումները վերսկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց սկսել Թել Ավիվից ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ եւ այդ քաղաքը ճանաչեց հրեական պետության մայրաքաղաքը: Այդ ժամանակվանից Իսրայելի վրա արձակվել են շուրջ երկու տասնյակ հրթիռներ, զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: