
«Աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը». Սերժ Սարգսյան

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեև բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշ ընդդիմադիրների առաջարկին: Սերժ Սարգսյանը նշել է, որ այստեղ բացարձակ ռացիոնալություն չի տեսնում: Նա այստեղ տեսնում է ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց:
«Բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-ասել է նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ, նախագահը պատասխանել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք»: