Երկրի կարևորագույն ենթակառուցվածքը միտքն է
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն, որով 2018 թվականին կրթությանը շուրջ 500 միլիոն դրամ պակաս կտրվի, քան 2017 թվականին։ Չնայած հայտարարվեց, որ այդ կրճատումը չի անդրադառնա կարևոր ծախսերի վրա, սակայն դպրոցների բյուջեներում կրճատումներ են լինելու։ Մասնավորապես, մի շարք դպրոցներում քննարկվում է դասղեկության համար տրվող գումարները, խմբակների համար տրվող գումարները կրճատելու հարցը։
Առաջին հայացքից՝ թվում է, թե կրթության բյուջեի ընդամենը 0.4 % կրճատումն աննշան է և պետք է որ մեծ ազդեցություն չունենար։ Իրականում կրթության բյուջեի կրճատումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է։ Հիմնավորենք՝ ինչո՞ւ։ 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանի հանրակրթական համակարգը լիարժեք կանցնի 12-ամյա կրթության։ Բանն այն է, որ 2006 թվականից սկսած հանրակրթական համակարգում կային երկու թերհամալրված դասարաններ, որոնցից մեկն ավարտեց այս տարվա ամռանը, մյուսը կավարտի 2018-ի ամռանը։
Մասնավորապես, այս տարվա ամռանը դպրոցները և քոլեջները կավարտեն շուրջ 15 հազար աշակերտ, իսկ առաջին դասարան կհաճախի շուրջ 40 հազար աշակերտ։ Բացի այդ, այս տարվանից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության, ինչը նշանակում է, որ այլևս 9-րդ դասարանցիները չեն կարող ընդհատել իրենց կրթությունը։ Սա նշանակում է, որ 2018 թվականին շուրջ 5 հազար աշակերտ, ովքեր նախորդ տարիներին դուրս էին գալիս հանրակրթությունից 9-րդ դասարանն ավարտելուց հետո, այլևս չի կարող դուրս գալ։
Այսպիսով, ստացվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին հանրակրթությունում ունենալու ենք շուրջ 30 հազար աշակերտով ավելի, քան այս տարի։ Նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կարող ենք կանխատեսել, որ մոտավորապես 5 հազար աշակերտ մյուս տարի արտագաղթելու է։ 2016 թվականին Հայաստանից արտագաղթել է մոտ 4800 աշակերտ։
Ստացվում է, որ 2018 թվականի սեպտեմբերից դպրոցական համակարգը շատ ավելի քիչ գումարով կրթական ծառայություններ է մատուցելու 25000-ով ավելացած աշակերտական համակազմին։ Այսինքն՝ բացի 500 միլիոն դրամ կրճատումից, կրթության համակարգը չի ստանալու շուրջ 25000 աշակերտի համար ֆինանսավորումը։
Բայց քանի որ ուսուցիչները դասավանդելու են այդ 25000 աշակերտին, ապա դպրոցները պետք է կրճատումներ անեն, որպեսզի այդ աշակերտներին դասավանդած ուսուցիչներն աշխատավարձ ստանան։ Եթե հաշվի առնենք, որ մեկ աշակերտի համար դպրոցը տարեկան ստանում է մոտ 125000 դրամ, ապա մոտ 3 մլրդ դրամ դպրոցական համակարգը չի ստանալու և պետք է ներքին օպտիմալացում անի։ Սա է պատճառը, որ դպրոցներում նախապատրաստվում են զգալի կրճատումներ։
Ցավալի է, որ խոսվում է դասղեկության համար վճարները կրճատելու մասին։ Մի կողմից՝ մինչև 2030 թվականի կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում խոսվում է դաստիարակության մասին, մյուս կողմից՝ կրճատվում է դաստիարակչական կարևոր գործառույթ իրականացնող դասղեկի լրավճարը։ Մի կողմից՝ խոսվում է Ուսուցիչ նախաձեռնության մասին, որը պետք է բարձրացնի ուսուցչի հեղինակությունը, բարելավի նրա սոցիալական վիճակը, մյուս կողմից՝ կրճատվում են ուսուցիչների վճարումները։
Շատ ավելի մտահոգիչ են խմբակների կրճատումների մասին խոսակցությունները։ Խնդիրն այն է, որ հատկապես գյուղերում չկան արտադպրոցական հաստատություններ, բազմաթիվ աշակերտներ հնարավորություն չունեն կրկնուսույցների մոտ պարապելու։ Նման իրավիճակում խմբակներ ունենալը դպրոցին հնարավորություն է տալիս մի փոքր մեղմել այդ բացը։ Հիմա ստացվում է, որ, եթե կան դպրոցներ, որոնք դեռ խմբակներ էին ֆինանսավորում, պետք է մտածեն դրանք փակելու մասին։
Հետաքրքիր մի պատմություն կա Թունիսի մասին։ 1956 թվականին, երբ Թունիսը դարձավ անկախ պետություն, երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրգիբան որոշեց երկրի բյուջեի 20%-ը տալ կրթությանը։ Շատերին այդ որոշումը դուր չեկավ։ Ընդդիմախոսներն ասում էին, որ պետք է ենթակառուցվածքների համար գումարներ հատկացնել։ Ի պատասխան՝ Բուրգիբան ասաց՝ երկրի կարևորագույն ենթակառուցվածքը մարդկանց միտքն է։ Արդյունքում՝ Թունիսը բավական լավ արդյունքների հասավ կրթության ոլորտում։
Ամեն դեպքում, մենք պետք է լրջորեն մտածենք մեր կրթության ոլորտում ներդրումներ կատարելու մասին։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը վերջերս ստեղծել է կրթական մի հանձնախումբ, որը որոշակի հետազոտություններ է կատարել։ Այդ հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի նման զարգացող երկրներում, եթե լուրջ փոփոխություններ չիրականացվեն, ապա սովորողների կեսը 2030 թվականին չի ունենալու կրթական նվազագույն մակարդակ։