2018-ի ոչ աշխատանքային օրերը

Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց: Ամանորից առաջ մեր վարչապետը նորից անդրադարձավ այս թեմային, բայց մի փոքր այլ` ժամանակակից բառապաշարով ասած` «լայթսոտ» տեսանկյունից:

Նա հայտարարեց, որ ամանորյա երկարաձգված տոների ոչ աշխատանքային օրերի քանակից տուժում են գործարարներն ու բնակչությունը: Ֆինանսական ու այլ կառույցների հանձնարարվեց հերթապահություն սահմանել, որ տոնական օրերին ոչ ոք չտուժի: Հիմա մեկ լուր էլ կա, որի համաձայն՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Ամանորյա արձակուրդի օրերը: Եթե իսկապես նման նախաձեռնություն լինի, ապա հասարակությանը կրկին կբացատրեն, որ մեր տնտեսությունը չի կարող իրեն թույլ տալ նման տոնացույց: Հայաստանում տարեկան 15 ոչ աշխատանքային օր կա:

Այդ օրերին մենք նշում ենք մեր ազգային-եկեղեցական ու պետական տոները: Իսկ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր աշխատողին գործատուն պարտավոր է 28 օրացուցային օր վճարովի արձակուրդ տրամադրել: Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող տարեկան, բացի շաբաթ-կիրակի օրերից, հանգստանում է 28 գումարած 15 օր:

Համեմատության համար կարելի է նշել, որ Ճապոնիայում ազգային տոնական օրերի քանակը 11 օր է, իսկ վճարովի արձակուրդը` ընդամենը 5 օր: Մեր աշխատանքային օրենսդրությունը գրողները հավանաբար նման համեմատական տեղեկատվություն չունեին:

Ավելին` օրենսդրություն գրողներն ու այն խորհրդարանում վավերացնողների մեծ մասը խորհրդային մտավորական խավից էին: Իսկ արձակուրդային օրերի քանակը խորհրդային մտավորականի միակ առավելությունն էր «հեգեմոն» բանվոր դասակարգի հանդեպ: Բանվորական արձակուրդը խորհրդային «լճացման» տարիներին (փաստ, որին դժվար է հավատալ) ընդամենը 12 օր էր:

Աշխատանքային ստաժի կուտակման հետ բանվորներին հետագայում լրացուցիչ 3 օր էլ էր տրվում: «Հեգեմոն» պրոլետարները հասարակական ակտիվ աշխատանքի մեջ ներգրավվելով` «դրուժիննիկ», կամ հասարակական կարգով իր ձեռնարկությունում հրշեջ աշխատելու դեպքում՝ լրացուցիչ ևս 3 արձակուրդային օր էին նվեր ստանում:

Բայց մեր մտավորական օրենսդիրներն այս մասին հավանաբար տեղյակ չէին ու բոլորի համար 28 օրացույցային օր վճարովի արձակուրդ արձանագրեցին: Հարևանցիորեն ասենք, որ արձակուրդի այս չափն անմիջապես խթանեց տնտեսության ստվերային հատվածը: Աշխատողին գրանցելու դեպքում գործատուն 11 ամիս աշխատանքով ապահովում է վարձու աշխատողին, աշխատավարձ վճարում և, ապա, պարտավորվում ևս մեկ ամսվա աշխատավարձ տրամադրել:

Ֆինանսական այս ծանր բեռը դարձավ պատճառներից մեկը, որ գործատուները չգրանցեն իրենց բոլոր աշխատակիցներին: Հետո հանկարծ զարմացանք, որ չափազանց քիչ ենք աշխատում: Այսինքն՝ քիչ արդյունք ենք ստեղծում: Հետևաբար՝ տնտեսական իմաստով լավ չենք ապրում: Ավելին, եթե ուսումնասիրենք պաշտոնական վիճակագրությունը, ապա պիտի ընդունենք, որ տարեցտարի մեր ստեղծած արդյունքը նվազում է: Նվազում է` ի հեճուկս ՀՆԱ-ի աճի պաշտոնական ցուցանիշի:

Տեսեք, նույնիսկ իշխանությունների մեջ չի գտնվի մեկը, ով կասի, թե վերջին 5-6 տարում Հայաստանում աշխատանքի արտադրողականության աճի տեսանկյունից թռիչք-հեղափոխություն է եղել: Փոխարենը՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ կայուն տեմպով ամեն տարի պակասում է մեր երկրի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը: Դիտեք զուտ թվերը: 2010թ. Հայաստանում հաշվառված էր 1 մլն 463 հազար տնտեսապես ակտիվ մարդ: 2014-ին` 1 մլն 376 հազար, 2015-ին` 1 մլն 316 հազար, 2016-ին` 1 մլն 226 հազար:

Այսինքն՝ ամեն տարի կրճատվում է աշխատունակ մարդկանց թիվը: Փոխարենը՝ ամեն տարի հակադարձորեն աճում է մեկ աշխատողի դիմաց մեկ անաշխատունակ մարդու (երեխա, թոշակառու, նպաստառու) գործակիցը: Հավանաբար այս պատճառով է կառավարությունը մտահոգված կրճատելու ոչ աշխատանքային օրերի քանակը մեր օրացույցում:

Մյուս կողմից՝ նույնիսկ Ռուսաստանի պես փնթի մենեջմենթ ունեցող երկրում վաղուց արդեն հրապարակված է 2018թ. աշխատանքային ու ոչ աշխատանքային օրացույցը: Իսկ մենք դեռ չգիտենք, թե հանգստյան ինչ օրեր են սպասվում 2018թ. ընթացքում: Այն, որ դեպքերի նման ընթացքը մանր-մունր խոչընդոտներ են գործարար կյանքի համար, ապացուցելի է դասական տնտեսագիտության տեսանկյունից: Այդ նույն տեսանկյունից կարելի է ենթադրել նաև, որ ոչ աշխատանքային օրերի կրճատումը կհանգեցնի նրան, որ մեր երկրում ավելի շատ բարիք կարտադրվի:

Իսկապես կարելի կլիներ նման եզրակացություն անել, եթե հաշվի չառնենք, որ աշխատանքային օրերի ավելացման դեպքում մեր չինովնիկների ազնիվ դասը ստիպված ավելի շատ աշխատանքային օրեր կունենա: Կհանդգնե՞ք հաշվարկել, թե դա ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Տեսանյութեր

Լրահոս