«Հարկ վճարողներին դիտարկում եմ ոչ թե՝ որպես բարիկադի այն կողմում գտնվողներ, այլ՝ որպես գործընկեր»

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների  տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ

Պարոն Սաֆարյան, խոշոր հարկ վճարողների վճարած հարկերն աճել են 9,2 տոկոսով, իսկ ընդհանուր հարկային մուտքերը՝ 7 տոկոսով։ Կարո՞ղ ենք ասել, որ հարկային եկամուտների ավելացումը հիմնականում խոշոր բիզնեսի հաշվին է։

– Այո, որովհետև հավաքագրվող հարկային եկամուտների գերակշիռ մասը վճարում են հենց խոշոր և միջին հարկ վճարողները: Եթե ընդհանուր թվերի մեջ հավաքագրված եկամուտները կազմում են 795 միլիարդ դրամ 11 ամիսներին, այստեղից 484 միլիարդը խոշոր և միջին հարկ վճարողներն են վճարել։ 1088 գրանցված խոշոր և միջին հարկ վճարողները վճարել են ընդհանուր հարկային մուտքերի 62 տոկոսը։ Իսկ փոքր բիզնեսը՝ մոտ 65 հազար հարկ վճարող, ապահովում է մնացած 38%-ը։

– Ինչի՞ հաշվին է գրանցվել խոշոր հարկատուների հարկերի աճը։ Կազմակերպությունների գործե՞րն են լավացել, թե՞ վարչարարությունն եք խստացրել։

– Ինչ խոսք, տնտեսական աճն իր դրական ազդեցությունն ունեցել է հարկերի հավաքագրման վրա։ Ինչ վերաբերում է վարչարարությանը, այսպես ասեմ՝ մենք փորձել ենք տարանջատել կազմակերպություններին՝ ըստ օրինապահության կամ ռիսկայնության։ Կազմակերպություններին, որոնց մենք համարում ենք օրինապահ, ընդհանրապես չենք անհանգստացնում։

Պարզապես գրեթե աննկատ՝ մոնիտորինգի միջոցով հետևում ենք նրանց գործունեությանը, եթե ինչ-որ խնդիրներ առաջանում են, թղթաբանության միջոցով փորձում ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։ Այդ գործընթացն ավել կամ պակաս հարկեր չի առաջադրում, որովհետև նրանք ամբողջ ծավալով ցույց են տալիս շրջանառությունը և վճարում առաջացած հարկերը։

Վարչարարությունն ու ավելի խիստ վերահսկողությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում։ Այսինքն, բացի նրանց կողմից հայտարարագրված հարկերից, մենք նաև մեր վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած խնդիրներն առաջադրում ենք և ավելի հարկեր ենք իրենցից վերցնում։

Որպես գնահատական՝ կարող ենք նայել այդ երկու թվերի տարբերությունը. ռիսկային հարկ վճարողների վճարած հարկերը մոտ 2,6 – 2,7 անգամ ավելի են, քան ոչ ռիսկայինինը նույն ժամանակաշրջանի համար: Կամ՝ 2017 թվականին՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, հարկերի ավելացումը կազմել է մոտ 7 տոկոս, իսկ ռիսկային ցուցակներում ընդգրկված հարկ վճարողների մոտ աճը կազմել է մոտ 20 տոկոս:

Ոչ միայն խոշոր, այլ ընդհանրապես՝ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն անխտիր ուզում են հանգիստ ու առանց որևէ միջամտությունների աշխատել՝ զբաղվել իրենց բիզնեսով։ Մենք համաձայն ենք մեր միջամտությունը հասցնել զրոյի, սակայն մեկ պայմանով՝ տնտեսվարողները պետք է աշխատեն մաքուր դաշտում։ Ստվերից դուրս գալն ու որոշակի չափով հարկերն ավելացնելը սթրես է բիզնեսի համար, սակայն, երբ խախտումները հայտնաբերվում են՝ հետևանքներով հանդերձ, սթրեսներն ավելի հաճախ են լինում և ավելի ծանր։ Մենք բիզնեսին առաջարկում ենք ազատվել հնարավոր սթրեսներից և մտածել միայն բիզնեսի զարգացման մասին:

 – Ո՞ր ոլորտների ընկերություններն են ավելի ռիսկային:

– Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեջ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը և այլն… Այդ ոլորտներում գործող կազմակերպություններն ավելի ռիսկային են, քան այն կազմակերպությունները, որտեղ անկանխիկ դրամաշրջանառությունը կամ բանկային փոխանցումներն ավելի մեծ տոկոս են կազմում։

Սակայն, իհարկե, կան բացառություններ։ Նույն ոլորտում կան կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ սպիտակ դաշտում են աշխատում, օրինակ, աշխատավարձերը վճարում են բանկային քարտերի միջոցով, կան նաև կանխիկ վճարողներ, կան նաև, այսպես ասած, մոխրագույն սխեմաներով աշխատողներ։

Իրականությունն ավելի լավ պատկերացնելու, ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք մեր վերլուծություններում փորձել ենք տնտեսության ոլորտներն ավելի մանրամասնեցնել՝ բաժանելով դրանք ավելի քան 70 ենթաոլորտների։ Վերլուծությունները կատարում ենք մի քանի մակարդակով՝ հորիզոնական, ուղղահայաց, ոչ ստանդարտ։

Որքան մենք նեղ ենթաոլորտ ենք վերցնում, այնքան այդտեղ առկա օրինաչափությունները և շեղումները շատ ավելի պարզ են դառնում։ Օրինակ, հացի արտադրության ոլորտում գործող մի քանի տասնյակ կազմակերպությունների տվյալները վերլուծելով՝ մենք միջին թվաբանական մեծություն ենք ստանում տարբեր ցուցանիշների գծով (աշխատավարձ, հասույթ և այլն), հետո սկսում ենք ընկերությունները համեմատել այդ միջինացված ցուցանիշի հետ։ Իսկ եթե մենք վերցնեինք ուղղակի արտադրության ոլորտը՝ պարենային կամ ոչ պարենային ապրանքների, դիապազոնն այնքան մեծ էր լինելու և միջին ստացած տվյալներն էլ մոտավոր էին լինելու։

Համադրում ենք ոչ միայն տնտեսվարողների կողմից ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների տվյալները, տեսուչների կողմից այցելությունների ընթացքում ստացված տեղեկությունները, այլև տեղեկատվություն ենք ստանում երրորդ անձանցից, պետական այլ մարմիններից, և այլն։

Չէ՞ որ ստուգման նպատակն է՝ պարզել, թե տնտեսվարողի կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները որքանո՞վ են ճիշտ արտացոլում իրականությունը։ Որքան մեր ինֆորմացիայի աղբյուրները շատ լինեն, տեղեկատվությունը շատ լինի, այնքան մեծ են հնարավորությունները վերլուծությունները տեղում անելու՝ առանց հարկ վճարողին այցելելու։ Այդպես և՛ տվյալ կազմակերպությունների համար է հեշտ, և՛ մեզ համար։

– Պրն Սաֆարյան, կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, հայտարարում է, որ գերավճարներ այս տարվա սկզբից չեն գանձվում։ Կարո՞ղ ենք ասել, որ գերավճարներ կուտակելու «ժամանակաշրջանն» ավարտվեց, թե՞ հնարավոր է, որ մոտեցումները նորից փոխվեն՝ վերադարձ լինի գերավճարներ հավաքելուն։

– Չեմ կարծում, որ գերավճարներից հրաժարվելու քաղաքականությունը հնարավոր է փոխել, որովհետև ցանկացած երևույթ, որի հետ ինչ-որ ժամանակահատվածում մենք առնչվում ենք, որոշ ժամանակ անց դառնում է սովորական, այսինքն՝ մենք ենթադրում ենք, որ այսպես էլ պետք է լիներ: Գերավճարներին վերադառնալու դեպքում հարկ վճարողների մոտ հարց է առաջանալու՝ ինչի՞ համար:

Հարկ վճարողներին մենք առաջարկում ենք թափանցիկ ու պարզ աշխատել, ու եթե կազմակերպությունը «սպիտակ» դաշտում է աշխատում, ապա ինչի՞ համար ինքը պետք է ավելի գումար վճարի բյուջե, եթե դրա փոխարեն նույնիսկ գործունեություն չի իրականացնում։ Չէ՞ որ ընկերությունը կարող էր այդ գումարը բանկում թողնել և դրա դիմաց տոկոսային եկամուտ ստանալ, ի՞նչ հիմքով մենք պետք է նրան զրկենք այդ հնարավորությունից։

– Ուզում եք ասել, որ ձեր տեսուչներն առանձին-առանձին չե՞ն բանակցում խոշոր հարկատուների հետ՝ ճշտելով նրանց կողմից վճարվելիք հարկերի չափը կամ համոզելով ավելի շատ վճարել։

– Մենք գրանցված բոլոր խոշոր կազմակերպությունների հետ աշխատում ենք էլեկտրոնային նամակագրությամբ։ Մեր տեսուչները հարկ վճարողի հետ «տետ-ա-տետ» շփվում են միայն բյուջեի ստուգումների ժամանակ, բայց այդ ստուգումների տրամաբանությունն էլ է փոխվել, որովհետև ստուգումներն իրականացվում են բացառապես մեր վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած ռիսկերի հիման վրա։ Հարկ վճարողի հետ գրագրությամբ շփվելով՝ մենք ֆիքսում ենք փաստեր, մեր ամբողջ երկխոսությունը փաստաթղթավորվում է, և դա հասանելի է դառնում ՊԵԿ այլ ստորաբաժանումների: Այս աշխատաոճն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, եթե չասենք՝ վերացնում է։ Եղած շփումներն էլ գնալով փորձում ենք մոտեցնել զրոյի։

– Հարկային մարմինը միշտ բարիկադների մի կողմում է, բիզնեսը՝ մյուս։ Կոնկրետ Հայաստանում բիզնես-հարկային հարաբերությունները երբեմն կարելի է թշնամական որակել։ Վերջին շրջանում փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն կա՞։

– Նախ՝ ես ինքս հարկ վճարողներին չեմ դիտարկում՝ որպես բարիկադի այն կողմում գտնվող, ես դիտարկում եմ՝ որպես գործընկեր։ Որովհետև՝ լինելով տնտեսագետ՝ շատ լավ հասկանում եմ, որ իրենցից է կախված մեր տնտեսության որակն ու մեր բարեկեցությունը։ Ըստ էության, մենք ընդհանուր գործ ենք անում. իրենք ստեղծում են բարիքներ, մենք էլ պետության կողմից լիազորված ենք վերահսկելու, որ այդ ամենը կանոնակարգված կատարվի։ Ու երբ մոտեցումը մեր կողմից գործընկերային է, տնտեսվարող սուբյեկտների մեծամասնությունը հենց այդպես էլ համապատասխան ձևով պատասխանում է։ Իհարկե, խաղի կանոնները չընդունելու պարագայում այդ գործընկերային հարաբերությունները չեն ստացվում։

– Իսկ ի՞նչ կպատասխանեք ձեր հասցեին հնչող այն քննադատությանը, որ խոշոր բիզնեսին փորձում եք ստվերային դաշտից դուրս բերել փոքր բիզնեսի միջոցով։ Այսինքն՝ փոքրերին ստուգում եք, փաստաթղթավորում եք պահանջում, որ նրանք էլ փակուղու առաջ հայտնվեն ու փաստաթուղթ ուզեն իրենց մատակարար խոշոր բիզնեսից։

– Ավելի լայն նայենք այս հարցին։ Ընդհանրապես՝ խոշոր և միջին հարկ վճարողների դերը տնտեսության համար կարևոր է ոչ միայն՝ նրա համար, որ նրանց կողմից է վճարվում բյուջեի եկամուտների գերակշիռ մասը, այլ՝ նաև այն պատճառով, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում հենց խոշոր և միջին հարկ վճարողների կողմից են ձևավորվում շղթաները՝ արտադրությունից մինչև սպառում և ծառայություններ։

Վարքագծից շատ բան է կախված։ Եթե խոշորների մոտ վարքագիծ է փոխվում, փոքր հարկ վճարողների մոտ էլ է փոփոխություն տեղի ունենում։ Տարբերությունը հետևյալն է՝ եթե խոշորների մասով մենք հիմնականում հարկերի հավաքագրման խնդիր ունենք լուծելու (ինչի համար ամբողջությամբ ճշգրիտ հաշվարկ ենք կատարում), փոքր հարկ վճարողների մասով ավելի շատ հարկային կարգապահության խնդիր է։

Փոքր բիզնեսի հարկային կարգապահության բարելավումը հարկայինի համար այսօր ավելի կարևոր է, քան նրանց կողմից վճարված հարկերի աճը կամ նվազումը։ Փոքր հարկ վճարողներից երբեմն կարելի է այսպիսի արտահայտություն լսել՝ եթե մենք հարկերն ամբողջությամբ վճարենք, վնասով ենք աշխատելու, եկամուտ չենք ունենալու։ Այդտեղից մի հետևություն կարելի է անել՝ այդ բիզնեսն ի սկզբանե ոչ եկամտաբեր է եղել։

Կամ հաշվարկը սխալ է եղել, քանի որ այդ հաշվարկների մեջ հարկերը չեն ներառվել։ Ու երբ ՊԵԿ-ը վարչարարությունը խստացնում է և «հիշեցնում» հարկերի մասին, դժգոհություն է առաջանում։

Կարծում եմ՝ այդ առումով մենք մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք։ Ձևավորված կարծրատիպը փոխելը շատ ավելի դժվար է, քան զրոյից ձևավորելը։

Տեսանյութեր

Լրահոս