«Հայաստանյան շուկայում առկա են սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմբաքանակ, որոնց պաթոգեն և անտիբիոտիկ վնասներն արդեն ապացուցված են». փորձագետ
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հատարարեց՝ հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ: Պաշտոնական և փաստացի տեղակատվության համաձայն՝ 2017 թվականի հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի տվյալներով` սալմոնելային վարակներով գրանցված հիվանդների թիվը կազմում է 324 հիվանդ:
«Երկրում խուճապային մթնոլորտ է ստեղծվել, որը պայմանավորված է տեղական շուկայում հայտնաբերված անորակ և առողջության համար վնասակար սննդի առկայությամբ: Մի կողմից՝ դա հանրապետություն ներկրված թռչնամսի մեծ խմբաքանակն է, որոնք բիոտիկների ու միկրոօրգանիզմների ռիսկային չափաբաժիններ են պարունակում, որոնց պաթոգեն և անտիբիոտիկ վնասներն արդեն ապացուցված են, մյուս կողմից՝ ունենք անհաատ ծագման բրինձ: Այս ոլորտի ռիսկերի և վտանգների հետ կապված մի շատ կարևոր հանգամանք կուզեի առանձնացնել՝ ԶԼՄ-ների միջոցով մեզ հասավ հաղորդագրություն, ինչը բավականին լուրջ մարտահրավեր էր: Փաստացի փորձաքննության ենթարկված սննդամթերքում, որը կոնկրետ պարագայում թռչնամիսն էր, հայտնաբերվել են առողջությանը սպառնացող այնպիսի ախտածին վտանգներ, որոնք, հասկանալի է, չէին կարող առաջանալ իրացման ցանցում: Հետևաբար՝ մենք հասկանում ենք, որ գործ ենք ունեցել արդեն հանրապետության տարածք ներմուծված վտանգավոր սննդի հետ»:
Բանախոսի մեկնաբանմամբ՝ սա շատ կարևոր ազդակ է բոլոր պատկան մարմիններին՝ հասկանալու համար, որ իրենց թույլ տված գործունեությունը հանգեցրել է այնպիսի մի իրավիճակի, որի արդյունքում մարդիկ արդեն շատ արագ խուճապի են մատնվում.
«Այս ամենում ամենավատն այն է, որ խուճապի ժամանակ քաղաքացին չի կարողանում ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հոսքում, թե ո՞ր տեղեկատվությանն է պետք հետևել, որը՝ մերժել: Կարծում եմ, ինչպես ողջ աշխարհում է ընդունված, մենք ևս պետք է ունենանք սնդամթերքի անվտանգության մոդեռնացված և արդիական համակարգ: Բացարձակապես պատահական չէ, որ ամբողջ աշխարհն արդեն անցել է գիտահեն սնդամթերքի անվտանգության համակարգերի ներդրմանը, միաժամանակ պատահական չէ նաև այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհը ռիսկի գնահատումը, կառավարումն ու հաղորդակցումը տարանջատել և դարձրել է երեք առանձին, բայց անքակտելի բաղադրիչներ»:
Վերջերս տեղական շուկայում հայտնված ադրբեջանական ծագում ունեցող մթերքների և, մասնավորապես՝ կոնֆետների հայտնաբերման մասին 168.am-ի հարցին բանախոսը պատասխանում է.
«Դեռևս ապրիլ ամսից սկսած մենք արդեն ունեինք ադրբեջանական ծագում ունեցող խնձորների ներկրման դեպք, և կոնֆետների պարագայում արդեն պետք է չզարմանայինք: Այս տարի մեր երկիրը ապացուցեց, որ սահմանային պետական վերահսկողությունը խոցելի է: Վերահսկողության համար անհրաժեշտ է զրոյի հավասարեցնել կոռուպցիոն ռիսկերը, որովհետև եթե մենք չենք բացառում կոռուպցիան, ապա փորձել հասկանալ՝ որտեղի՞ց մեր շուկա ներթափանցեց ադրբեջանական ծագում ունեցող այս կամ այն մթերքը, գրեթե անհնարին է: Տեղյակ եմ, որ խնդրի բացահայտումից և հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կոնֆետներն արդեն բացառված են եղել իրացման ցանցերից, ինչը հավանաբար խոսում է դրանց ներկրման քիչ ծավալի մասին»: