«Որևէ մեկը այնպիսի մի Թուր Կեծակի ունե՞ր, Սասունցի Դավթի նման ամեն ինչ ջարդեց-փշրեց, դրեց իր տեղը». Արմեն Ռուստամյան
«Դա չի ենթադրում, որ եղել է միջնորդություն, որ ինքը լսել է, պարզապես ուզում է ասել, որ գործընթաց է տեղի ունենալու, որն ամբողջական և լիարժեք է, և որևէ մեկը հին մեթոդներով, նախկին հոգեբանությամբ չփորձի կանխել, ինչպես եղել է Հայաստանում՝ միջնորդություններ են անում, հովանավորչությամբ փորձում են կոծկել կատարվածները։ Այսինքն՝ պարզ հայտարարվում է, որ այդպիսի դրսևորումներն այլևս հնարավոր չեն լինելու այս նոր Հայաստանում։ Նախագահը չէ, որ պետք է ների կամ չների»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ իր ելույթով ինքն իր դեմ հաղորդում չի՞ ներկայացրել, երբ ասում է, որ այսուհետ որևէ նախարար կամ մարզպետ չպետք է միջնորդի որևէ մեկին աշխատանքից ազատելու համար։
Ըստ նրա՝ համակարգն այնպես է լինելու, որ վերահսկողները շատ են լինելու, պատժողն էլ լինելու է անկախ, անաչառ մարմին, և որևէ մեկը չի կարող մարզպետի կամ որևէ մեկի միջոցով պատսպարվել ու խուսափել պատասխանատվությունից։
Հարցին՝ կարելի՞ է արդյոք նոր Հայաստան գնալ Սերժ Սարգսյանի հետ, Ա.Ռուստամյանը պատասխանեց.
«Փաստ է, որ նրա օրոք են այս փոփոխությունները կատարվել։ Սա էլ օդից չեկան այս փոփոխությունները։ Եթե որևէ մեկն ասի, որ հենց իր պահանջով էր, որ դա արվեց, որևէ մեկը այնպիսի մի Թուր Կեծակի ունե՞ր, Սասունցի Դավթի նման ամեն ինչ ջարդեց-փշրեց, դրեց իր տեղը, այդպիսի բան տեղի չունեցավ, չէ՞, մեր աչքի առաջ։
Կատարվել է այն, ինչ մենք միշտ ասել ենք՝ հանդարտ, քայլ առ քայլ երկիրը գնացել է դեպի զարգացման ճիշտ ճանապարհ և որդեգրել է այն արժեհամակարգը, որը հիմք է ստեղծում այդպիսի երևույթների դեմ պայքարելու։ Եվ այդ արժեհամակարգը ստեղծվել է այս ընթացքում, նույն Սերժ Սարգսյանի օրոք։ Սա իրականություն է»։
Ա.Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվել են. «Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել։ Մենք միշտ էլ դա ասում էինք՝ ընտրությունների կեղծիքները մի օր պետք է ավարտվեին։ Այս ընտրությունների տարբերությունն այն է, որ կեղծիքներն ԸՕ-ի հետ կապված, որ տեղամասերում լցոնումներ լինեն, այն երևույթները, որ մենք ունեցել ենք, թվեր նկարեն, մի ընտրություն կայանա, մի այլ ընտրության արդյունք ներկայացնեն, այդպիսի բաները հո՞ բացառվել են։ Միակը, որ այս ընտրությունների ժամանակ եղել է, և որի դեմ պետք է պայքարենք, ընտրակաշառքն է, որը, այո, այնքան է եղել, որ աղավաղել է ընտրությունների ամբողջ գործընթացը։ Բայց սա է միակ հարցը, այլ հարց ընտրական համակարգը չունի»։
Ա.Ռուստամյանի համոզմամբ՝ հաջորդ ընտրությունները հաստատ լինելու են շատ ավելի բարձր մակարդակով։ Նա նշեց, որ մարդիկ գայթակղվում են 10 հազար դրամով և վաճառում են իրենց ձայնը, իսկ այժմ նրանք լուրջ կմտածեն՝ վաճառե՞ն քվեն, թե՞ ոչ. «Երբ կլինի ոչ մեկ կենտրոնից ղեկավարվող իրավական համակարգ, ոստիկանություն, մենք նաև կբռնենք նրա ձեռքը, ով ընտրակաշառք է բաժանում։
Ընտրակաշառքն էլ կոռուպցիոն մի մեծ դաշտ է, որ պետք է փակի հենց այդ նույն կառույցը»։