«Հանուն Հայաստան Պետության» ճակատը վաղը հավաք է իրականացնելու
Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան Պետության» ճակատը շարունակում է իր՝ ճանապարհային քարտեզը ստեղծելու «ինտենսիվ» գործունեությունը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ճակատի նախաձեռնող խմբի անդամ Պետրոս Մակեյանը՝ ընդգծելով, որ իրենք շաբաթն առնվազն երկու օր լիագումար նիստ են անում, իսկ մյուս օրերին աշխատում են ճանապարհային քարտեզի վրա:
Նա դժվարացավ ասել, թե երբ կհրապարակեն իրենց ճանապարհային քարտեզը: Խոսելով դրա բովանդակության մասին՝ նա նշեց, որ խնդիր է դրված՝ հասնել իշխանափոխության և ձևավորել նոր, լեգիտիմ իշխանություններ. «Մենք ավելի շատ առաջին փուլի վրա ենք աշխատում դեռևս, որովհետև երկրորդ փուլի վրա վաղուց մշակված տարբերակներ կան»:
Մենք հետաքրքրվեցինք, թե քանի՞ հոգի է ներգրավված այդ ճակատում, և արդյոք նոր անդամակցողներ եղե՞լ են: Ի պատասխան՝ նա ասաց, որ թվի հետ կապված չի կարող ասել, որովհետև ինքը կոնկրետ թիվը չգիտի.
«Հռչակագիրը հրապարակելուց առաջ մենք գնացինք Հայաստանին ոչ ստանդարտ ճանապարհով: Նախ, որոշեցինք տեսնել՝ ովքեր կարող են նախաձեռնող խմբին միանալ, հետո հռչակագիրը հրապարակեցինք: Այդ ժամանակ մի քանի տասնյակ մարդ է միացել: Հիմա հատկապես արտասահմանից մեր հայրենակիցները չափից ավելի ակտիվ մասնակցում են»:
Հարցին, եթե ինչ-որ գործընթաց լինի, արտասահմանի հայրենակիցներն ինչպե՞ս կարող են օգնել՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Կոնկրետ ասելը բարդ է, բայց իրենք հիմա ակտիվ մասնակցում են մեր քննարկումներին, նույնիսկ համացանցով ուղիղ միացումով երբեմն միանում են: Նաև փորձում ենք այնպես անել, որ Հայաստանի մեր հայրենակիցներն իրենց առաջարկներով հանդես գան»:
Խոսելով նախատեսվող հանրային միջոցառումների մասին՝ Պ. Մակեյանը տեղեկացրեց, որ վաղն իրենք հավաք են անելու Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» «քաղբանտարկյալների»:
Նա նշեց, որ հավաքը տեղի է ունենալու Ռադիոտան մոտակայքում՝ «Սասնա ծռերի» գրասենյակի մոտ: