Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն. կստեղծվի 1000 աշխատատեղ
Կառավարությունն ընդունեց «Նորք հոգեբուժական կենտրոն» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին:
«Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ»,- ասաց Սահակյանը:
Այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն: