
«Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտող կողմերին լուծում գտնելու հարցում». Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները: