ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ: Դա ՏԱՍՍ-ին հաստատել են ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունում: «Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ի առավոտյան»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչունում:
Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6-ին դիմել էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություներ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան, եւ Շվեդիան: Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք է հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Դեկտեմբերի 6-ին նա լրագրողներին հայտտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «եկել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը»: Նա նաեւ ցուցում է տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին՝ սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախպատրաստությունը: