«Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող զարգացումներին». Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է.
«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։
Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»։