Ինչու ձգձգվեց 200 միլիոնի զինտեխնիկայի մատակարարումը ՌԴ-ից. պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախորդ անգամ, երբ նման համաձայնագիր էր ստորագրվում, մատակարարումների հետ կապված խնդիրներ առաջացան, ու մատակարարումները ձգձգվեցին.

«Արդյո՞ք այս համաձայնագրի քննարկման ժամանակ այդ խնդիրը նայվել է, և ի՞նչ կարող եք ասել, նման վտանգներ այս պարագայում որքանո՞վ գոյություն ունեն: Նախորդ համաձայնագրի հետ կապված՝ նման խնդիր էլ առաջացավ, երբ անսպասելի ռուսական կողմը հրապարակել էր այն մատակարարող սպառազինության ողջ ցանկը: Այս խնդիրն արդյոք ևս քննարկվե՞լ է, և ի՞նչ երաշխիքներ ենք ստացել, որ այլևս նման բան չի լինի»:

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց. «Նախորդ համաձայնագրի փորձառությունը, իհարկե, որոշակի դերակատարություն ունեցել է նաև այս համաձայնագրի բանակցման արդյունքում:

Նախորդ համաձայնագրում եղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ  պատճառներ ձգձգումների համար: Օբյեկտիվ պատճառն այն է, որ վավերացման գործընթացը մի փոքր ձգվել է նաև ռուսական կողմում, բացի այդ՝ համաձայնագիրը նախատեսված է եղել 200 միլիոնի սպառման վարկի՝ 3 տարվա ժամանակահատված, այստեղ 5 տարի է:

Մենք արդեն մինչև վավերացնելն ունենք նախաստորագրված 3 համաձայնագրերը և վստահ ենք, որ 3 տարիների ընթացքում, դեռ ժամկետից էլ ավելի վաղ հնարավոր է լինելու մատակարարումն իրականացնել: Ինչ վերաբերում է ցանկը հրապարակելուն, ապա այստեղ օրենսդրության խնդիր է: Մեր պարագայում դա համարվում էր ոչ հրապարակային, ռուսական կողմը պնդում էր, որ իրենք պարտավոր են հրապարակել: Այս պարագայում էլ կա նախնական պայմանավորվածություն՝ համար 1 հավելվածը չհրապարակել, այսինքն՝ ցանկը, որը հրապարակման ենթակա չէ, չհրապարակել»:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այս համաձայնագիրը չի ենթադրում վավերացում ՌԴ-ում:

Տեսանյութեր

Լրահոս