Հայաստանը նոր համաձայնագիր է կնքում ՆԱՏՕ-ի հետ
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է Լյուքսեմբուրգում և Բրյուսելում:
Համաձայնագրով սահմանվում են ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության շրջանակը և հիմնական սկզբունքները:
«Համագործակցության հիմնական ոլորտներն են՝ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, տեխնիկական աջակցությունը և ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի ծրագրերի իրագործումը: ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպությունը Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից ստեղծված ՆԱՏՕ-ի օժանդակ մարմիններից մեկն է և պատասխանատու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պաշտպանության ոլորտում իրականացվող ձեռքբերումների, լոգիստիկ աջակցության կազմակերպման ապահովման համար:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակներում դոնոր երկրի՝ Գերմանիայի, և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության համակարգմամբ՝ ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի շուրջ 1.5 միլիոն եվրո արժողությամբ ընդհանուր ծրագրի իրականացումն է»,- նշեց փոխնախարարը:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 ԶՈՒ տեխնիկա, ինչպես նաև 21 զրահապատ մարտական մեքենա.
«Նշված գործընթացի արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, և առաջացած մոտավորապես 100 հազար եվրոն ուղղվելու է ականային վտանգների իրազեկմանն ուղղված ծրագրի իրականացմանը»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին. «Մեծ ցավով ուզում եմ նշել, որ մենք օրեր առաջ ունեցանք 3 զինվորի կորուստ ականի պայթյունից, որտե՞ղ էր մեր թերացումն այդ հարցում»:
Ի պատասխան՝ Կ. Նահապետյանը նախ ասաց, որ ականազերծման աշխատանքները միշտ տարվել և տարվում են. «Կոնկրետ դեպքի կապակցությամբ կատարվում է ծառայողական քննություն: Որտե՞ղ է մեր թերացումը, իհարկե, յուրաքանչյուր նման դեպք հատուկ քննության առարկա պետք է լինի, եթե կան մեղավորներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում ՀՀ-ում և մեծ նշանակություն ունի մեզ համար»: