Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը և դիմել փախուստի

Այսօր առավոտյան ժամը 7:50 րոպեին Երևանի Տերյան-Թումանյան խաչմերուկում, Կարապի լճի հարևանությամբ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը:

168.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ պատրաստվում է դիմել Ոստիկանություն, որպեսզի գտնեն տվյալ մեքենան վարող ոստիկանին և հեռացնեն աշխատանքից.

«Առավոտյան, երբ շանս հերթական անգամ տարել էի զբոսանքի, նա վազեց փողոց: Այդ պահին ոստիկանական մեքենա էր մոտենում, ես վազեցի, բղավեցի՝ կամաց, շունս, այդ ոստիկանն ինձ տեսավ, մեքենայի ընթացքը դանդաղեցրեց, բայց վերջին պահին ոտքը դրեց գազին ու հարվածեց շանս, ապա դիմեց փախուստի: Ես այնպես էի բղավում, որ ամբողջ Տերյան փողոցը երևի արթնացավ իմ ձայնից, իսկ այդ ոստիկանը փախավ: Մի հատ չկանգնեց, որ գոնե հարցնի՝ շունդ ո՞նց է, սատկեց-չսատկեց: Այդ հատվածում էլի է եղել, որ շները պատահաբար մեքենայի տակ ընկնեն, բայց վարորդներն իջել են, օգնություն են ցույց տվել, իսկ ոստիկանը պարզապես փախավ»:

Դերասանուհու շունը՝ Ուլֆը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել.

«Հասկանում եմ, որ շունս վազեց վերջին պահին, բայց գոնե արգելակեր մեքենան: Հետո մի հատ ոստիկան հայտնվեց ու հետաքրքրվեց, թե շունս ինչպես է: Դրան երևի ուղարկել էին, որ հասկանա՝ ինչ-որ բան եղել է, թե ոչ: Ես էլ ասացի՝ դուք սպասեք, տեսեք՝ ինչ եմ անելու ձեզ հետ: Ես պատրաստվում եմ գնալ Ոստիկանություն, թող տեսախցիկներով նայեն, տեսնեն՝ ինչ մեքենա է, հետո դիմում գրեմ, որ այդ մարդուն ազատեն աշխատանքից: Տականքի նման իրեն պահեց: Ի վերջո, նա մեզ պաշտպանելու համար է վճարվում:

Հասկացանք, իմ շանը գցել է մեքենայի տակ, լավ, ես իրեն չեմ մեղադրում, չնայած՝ ինքը սխալ էր ու այդ պահին կարող էր արգելակել: Բայց գոնե հետո կանգներ: Շանս թաթի վրա ինչ-որ վերք կա, ահավոր վախեցած է: Քիչ անց կտանեմ անասնաբույժի մոտ»:

Տեսանյութեր

Լրահոս