Բաժիններ՝

«Դրսում սովորելն ինձ դարձրել է ավելի կոփված, հավատարիմ ու համեստ». Անի Ասատրյան

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Անի Ասատրյանի պատմությունը։ Անին սովորել է Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում, ապա՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում, այնուհետև՝ Սասսեքսի համալսարանի Կինոյի և մեդիայի դպրոցում։

Հայաստանում սովորելուն զուգահեռ՝ հիմնադրման օրվանից ի վեր, Անին աշխատել է հայկական առաջին գիտամասնագիտական մեդիա հարթակում՝ Բուն TV.

«ԵՊՀ-ում սովորելու շրջանում Freedomchild կեղծանվամբ էսսեներ էի գրում, որոնք հրապարակվում էին Armenian Times առցանց հարթակում: Քանի որ էսսեներս մեծ տարածում ունեին և ընթերցվում էին հիմնականում երիտասարդության շրջանում, աշխատանքս ոգևորիչ էր առաջին հերթին՝ հենց ինձ համար: Ոգևորիչ էր նաև այն, որ էսսեներիս համար վճարվում էի, և որպես ուսանող՝ կարողանում էի ինքս հոգալ ծախսերիս որոշ մասը»:

Անին գրում էր այն ամենի մասին, ինչն իրեն անհանգստացնում էր և ինչի միջով անցնում էր՝ որպես հայաստանցի երիտասարդ. հեղափոխության երազանք, ըմբոստություն՝ համակարգի դեմ. «Իսկ եթե կարճ ասեմ՝ խոսելու ու ձայն ունենալու ցանկություն: 19 տարեկանում մի օրագրային էսսե էի գրել, որը Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանիայի դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված Նա/Նե ամենամյա մրցույթում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի: Այս մրցանակն ինձ համար առանձնահատուկ էր, որովհետև առաջին անգամն էր ստեղծագործությունս մրցանակի արժանանում։ Դա ինձ ստիպեց մտածել, որ այն, ինչ անում եմ, ինչ-որ արժեք ունի ոչ միայն իմ ու ընթերցողներիս համար, ովքեր ընկերներս էին ու իմ պես երիտասարդներ, ովքեր հարմարվող չեն, ավելի մեծ երազանքներ ունեն, քան ենթադրվում է, ու հարմարվելու ձգտում ունեն»:

Հետաքրքիրն այն է, որ Նա/նե մրցանկաբաշխությունը լրագրողների համար է, և Անին մրցույթին դիմել էր համակուրսեցիների դրդմամբ՝ ոգևորված դրամական պարգևով, առանձնապես ակնկալիքներ չունենալով, որովհետև վստահ էր, որ տեքստը մրցույթի ֆորմատին չէր համապատասխանում։

Մրցանակաբաշխության օրն Անին գտնվում էր Աղվերանում, և միայն հեռախոսազանգի միջոցով է տեղեկացել, որ մրցանակ է ստացել։ Աղվերանում կազմակերպված դասընթացի ավարտից հետո Անին վերադառնում է Երևան և գնում մրցանակը ստանալու.

«Երբ ներկայացա, բոլորը եկան հետս ծանոթանալու՝ ասելով, որ ժյուրին ընթերցել է էսսես, բոլորը միաձայն համաձայնել են, որ մրցույթի ֆորմատին չի համապատասխանում, բայց քանի որ տեքստս ժյուրիի բոլոր անդամների մոտ հատուկ զգացողություններ է առաջացրել, որոշել են ժյուրիի հատուկ մրցանակ տրամադրել: Երևի այս հանգամանքն ինձ ավելի շատ ոգևորեց, քան մրցանակն ինքնին»:

Նույն շրջանում նա տարվում է գեղարվեստական գրականությամբ. «Նորից նյութս անձնական փորձառությունս էր, այս անգամ՝ գրականության լեզվով: Տեքստերիս մեծ մասն ինքնակենսագրական էին՝ գումարած փաստերի հանդեպ անպատասխանատվությունը: Նորից գրում էի, որովհետև սեփական ձայնս ստեղծելու կարիք ունեի:

Այս շրջանն ինձ համար առանձնահատուկ էր հատկապես այն պատճառով, որ առաջին անգամ սկսել էի առանձին ապրել ընկերներիս հետ: Հենց այս նոր, դժվար ու անկախ փորձս էլ տեքստերիս հիմնական նյութն էր: 19-22 տարեկան ժամանակահատվածում գրածս էսսեներն ու պատմվածքներն ամփոփվել են 2014թ. ապրիլի 19-ին լույս տեսած փոքրիկ ժողովածուի մեջ: Աշխատանքներս ժողովածուի մեջ ամփոփելու որոշման կայացման մեջ ինձ ոգևորել ու միշտ կողքիս է եղել սիրածս տղան՝ Հայկ Ֆելեքյանը:

Չնայած գրքիս տպաքանակը սահմանափակ էր` ընդամենը 100 օրինակ, ամբողջ տպաքանակը վաճառվեց հենց շնորհանդեսի օրը: Գրքիս ներկայացման կոնցեպտի մշակման, շնորհանդեսի կազմակերպման և կուրատորական աշխատանքների իրականացման ընթացքում ինձ մեծապես օգնել ու ոգեշնչել են ընկերներս՝ Նարե Սահակյանը, Լիլիթ Պետրոսյանն ու Գոհար Մարտիրոսյանը և ԺԱԻ-ի հիմնադիր և դասախոս Նազարեթ Կարոյանը: Գրքումս ներառված պատմվածքներից՝ «Չեմ մեռնելու»-ն 2015թ.-ի ապրիլին թարգմանվել է անգլերեն և հրապարակվել ամերիկյան Words Without Borders միջազգային գրական ամսագրում՝ Աննա Դավթյանի, Լիլիթ Կարապետյանի ու Շուշան Ավագյանի գործերի հետ միասին:

Տեքստն անգլերեն թարգմանությունն իրականացրել է Ադրինե Տեր-Պողոսյանը, իսկ հայ կին հեղինակներին միջազգային հարթակում հասանելի դարձնելու պատասխանատու աշխատանքն իրականացրել է գրականագետ, գրական գործակալ Նաիրի Հախվերդին»:

2015թ. Անիի ստեղծագործությունները հրապարակվում են  «Ինքնագիր» գրական պարբերականում, իսկ նրա արձակ տեքստերից «Բառեր»-ը արժանացել է «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպված «Արձակ» ամենամյա մրցույթի առաջին մրցանակին. «Ինձ համար հատկապես կարևոր էին Զավեն Բոյաջյանի ու Դավիթ Գյուրջինյանի ոգևորիչ գնահատականները:

«Ինքնագրում» լույս տեսած տեքստերից իմ ամենասիրելի տեքստը «Մակուկաչու» կարճ պատմվածքն է, որի անվամբ է վերնագրվել «Ինքնագիր» գրական հանդեսի 7-րդ անթոլոգիայի անգլերեն տարբերակը՝ Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature։ Չնայած «Ինքնագրում» լույս տեսած տեքստերս ընդամենը մի քանիսն են, այդ շրջանում ստեղծագործական առաջընթացս մեծապես պայմանավորված էր ընկերներիցս Քրիստիան Բատիկեանի կողմից ստացածս դրական ու ոգևորիչ էներգիայով, ինչպես նաև ֆրանսահայ գրող Գրիգոր Պըլտեանի մի քանի անսպասելի դրական արձագանքներով»:

Ինչո՞ւ Անին որոշեց մեկնել Անգլիա՝ սովորելու։ «Հիմա ավելի պարզ եմ տեսնում, թե ինչ կարիքներից դրդված էր մեկնելուս ցանկությունը՝ ուզում էի կարողանալ ավելի լավ հասկանալ իմ լեզուն ու նոր լեզու սովորել: Այստեղ եմ զգացել, որ ինձ ու իմ լեզուն ավելի լավ եմ կարողանում հասկանալ ու զգալ՝ ուրիշ լեզվի հետ հարաբերության մեջ:

ԺԱԻ-ում սովորելուս երկրորդ՝ վերջին տարվա ընթացքում՝ 2015թ., որոշեցի դիմել համալսարաններ արտերկրում, քանի որ զգում էի, որ դեռ աճելու շատ տեղ ունեմ: Դեռ ԵՊՀ-ում սովորելու տարիներին մի քանի ընկերներով երազանք ունեինք բակալավրն ավարտելուց հետո կրթությունը շարունակել արտերկրում: Սակայն բակալավրն ավարտելուց հետո զգում էի, որ Հայաստանում դեռ անելիքներ ունեմ, ու ինձ պահող շատ հարցեր ու կապեր կային:

Մեկնելուս վերջնական որոշումը կայացրի 2015-ի ամռանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյանի պողոտայի շարժումից հետո: Այս նույն շրջանում ընկերոջս՝ Իրինա Շահնազարյանի հետ տարված էինք Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ»-ի խորքային ընթերցանությամբ, ինչը նույնպես ազդեցություն ունեցավ մեկնելուս որոշման վրա:

Եթե՝ անկեղծ, դրսում սովորելու որոշմանս կայացման մեջ ամենաբարդ որոշումս անձնական դաշտից էր. ես պետք է մեկնեի, իսկ Հայկը պետք է մնար Հայաստանում, քանի որ ընկերոջ՝ Ալեքսանդր Սահակյանի հետ startup նախագիծ էին իրականացնում, զուգահեռ աշխատում էր Ժան Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպի թարգմանության վրա, և նոր աշխատանքի էր անցել Workfront ընկերությունում: Այսինքն՝ Հայկի զբաղվածությունը Հայաստանում մեծ էր, ու նա ամբողջովին կապված էր Հայաստանի հետ, ինչը նշանակում էր, որ չէինք կարող միասին մեկնել:

Երբ Հայկին տեղեկացրի արտերկրում սովորելու ցանկությանս մասին, ոչ միայն ինքը ոգևորվեց, այլև ինձ համար ստեղծեց բոլոր հնարավորությունները, որ կարողանամ թեթևացնել ծանրաբեռնվածությունս ու կենտրոնանամ ընդունելության բարդ գործընթացի վրա: Համալսարանի դիմումներից մինչև կրթաթոշակի դիմումները միասին ենք լրացրել, ու, եթե չլիներ իր ոգևորվածությունն ու Հայկից ստացածս դրական էներգիան, ինձ համար շատ դժվար կլիներ: Թռիչքիս օրը՝ «Զվարթնոցում», երբ հրաժեշտի պահին Հայկին գրկեցի՝ ճակատս համբուրեց ու ականջիս ասաց. «Ծիտս, թռի՝ ինչքան կարաս՝ բարձր»: Անգլիայում գտնվելուս ամբողջ ընթացքում էս արտահայտությունն ինձ ամենաշատը ուժ տվող բաներից մեկն է եղել»,- պատմեց նա։

Անիի առաջին ընդունելության հրավերը  Central European University-ից էր (Բուդապեշտ, Հունգարիա)՝ համալսարանի կողմից տրամադրվող ամբողջական կրթաթոշակով, որը ներառում էր ուսմանս վարձավճարն ու կեցության ծախսերը: Մյուս ընդունելության հրավերներն անգլիական երկու համալսարաններից էին: «Անգլիայում սովորելու երազանքս հնարավոր դարձավ իրականացնել Անգլիայի կառավարության կողմից տրամադրվող Չիվնինգի կրթաթոշակի շնորհիվ: Կրթաթոշակին դիմելու, մեծ մրցակցային պայմաններում բոլոր փուլերը և հարցազրույցի բարդ ընթացքը հաջողությամբ իրականացնելու ընթացքում ինձ ոգևորել ու մեծապես աջակցել են Ռուզաննա Գրիգորյանը, Անժելա Հարությունյանը, Թամար Բոյաջյանը, ինչպես նաև Բուն TV-ի անձնակազմը»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ​ ​է​ ​տալիս​ ​ուսանողին​ ​իր​ ​երկրից​ ​դուրս​ ​սովորելը: Ի պատասխան՝ Անին ասաց, որ տնից հեռու սովորելը քեզ տալիս է այն, ինչ չես կարող սովորել տանը. «Այսինքն՝ սովորում ես այն ամենը, ինչ ուղղակիորեն կրթության հետ չէ կապված: Իմ կարծիքով՝ կրթությունն ամեն տեղ նույնն է և կախված է ուսանողից, ուսանողի ոգևորությունից, աշխատասիրությունից ու նվիրվածությունից: Եթե կրթության կարիք ունես, կարող ես ամեն տեղ էլ սովորել՝ նույնիսկ համակարգերից դուրս, եթե կարիքը չունես՝ ոչինչ չի օգնի: Ես ընկերներ ունեմ Հայաստանում, ովքեր որևէ հեղինակավոր հաստատությունում կրթություն չեն ստացել, բայց կարող եմ վստահ ասել, որ իրենց կրթությունն ավելի խորքային է, քան, օրինակ՝ իմ առկա համալսարանի համակուրսեցիների կրթությունը:

Ուզում եմ ասել, որ դրսում սովորելու առանձնահատկությունն ինձ համար այն ամենի մեջ է, ինչը սովորում ես համալսարանից դուրս, որովհետև համալսարանից դուրս՝ աշխարհն է, որը քո տունը չէ, իսկ բոլոր այն տեղերը, որոնք քո տունը չեն, անհարմար են, իսկ անհարմարություններն այն խթաններն են, որ մեզ առաջ են մղում, խոչընդոտները հաղթահարելու ձգտում են առաջացնում, դարձնում են ավելի պինդ ու կայուն, որովհետև սկսում ես ոչ միայն ավելի լավ իմանալ այն, ինչ ունես, այլ նաև այն, ինչ չունես. ստիպված ես ավելի լավ ճանաչել սեփական թուլություններդ, որովհետև առանց դրա՝ տեղումդ կանգնած կմնաս»։

Անին խոստովանում է՝ դրսում սովորելն իրեն դարձրել է ավելի կոփված, հավատարիմ ու համեստ. «Ամռանը Բրայթոնում, ընկերոջս՝ Լիլիթ Պետրոսյանի հետ (Լիլիթն արվեստի պատմություն է սովորում Մանչեսթերի համալսարանում) մի նախագծի վրա էինք աշխատում՝ տարբեր ավանդական միջավայրերին ոչ բնորոշ կերպարներով միջամտություններ էինք անում այդ հարթակներում:

Օրինակ՝ օգոստոսին Ինստագրամի մոդելների կերպարներով գնացել էինք Թեյթ Մոդեռն (Tate Modern)՝ Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան, ու թանգարանի այցելուներին խնդրում էինք մեզ լուսանկարել՝ արվեստի գործերի ֆոնին, և լուսանկարվելու պահին ընդունում էինք Ինստագրամի մոդելներին հատուկ կեցվածք: Թանգարանի այցելուների մի մասը ոգևորվում էր ու սկսում մեզ լուսանկարել-տեղադրել իրենց Ինստագրամի էջերում, մյուսներն անտարբեր էին, արվեստի քոլեջների ուսանողները մոտենում էին, ծանոթանում, հետաքրքրվում, անվտանգության աշխատակիցները հետևում էին:

Օրվա ավարտին թանգարանի լուսանկարիչը ու Մեքսիկայից ժամանած մեկ այլ լուսանկարիչ մեզ առաջարկեցին հենց տեղում թեմատիկ ֆոտոսեսիա անել: Առաջին անգամն էր, որ Լոնդոնում էինք ու մի բան էինք անում․ ոչ տարածքին էինք ծանոթ, ոչ մնալու տեղ ունեինք ու մենակ էինք: Վախենալու էր ու պատասխանատու, բայց դրական արձագանքներից ոգևորված էինք:

Նման պերֆորմանսներ էինք անում նաև համալսարանի տարածքում: Համալսարանի գրադարան էինք գնում ֆիտնեսի հագուստով՝ որպես ուսանողական յունիֆորմ, ու գրադարանում աշխատում էինք՝ բոլորի պես: Համալսարանում համեմատաբար ավելի հեշտ էր, որովհետև ուսանողները ոգևորվում էին, մոտենում էին, ճշտում նախագծի Ինստագրամի հասցեն, որպեսզի հետևեն: Ասում էին՝ վերջապես համալսարանում հետաքրքիր իրադարձություն կա՝ համընդհանուր միօրինակության ֆոնին»։

Չնայած այս գործընթացը ու աղջիկների փոքրիկ հաջողությունները շատ դժվար ու ոգևորիչ էին` այն ունենում է նաև ցավոտ հետևանքներ.

«Որը, ցավոք սրտի, Երևանի հետ է կապված: Չնայած նրան, որ նախագծի իրականացման ամբողջ ընթացքում մենք առողջ քննադատական և ոգևորող արձագանքներ էինք ստանում, օրինակ՝ ԺԱԻ-ի մեր դասախոսներից, համակուրսեցիներից, մեր ընկերներից, ժամանակակից արվեստին և առհասարակ ժամանակակից աշխարհին հաղորդակից երիտասարդներից, երբ սեպտեմբերին վերադարձա Հայաստան, տեղեկացա, որ բացի հանրային բաց և առողջ քննարկումներից՝ մեծածավալ քննարկումներ են ընթանում օֆֆ-լայն:

Իհարկե, սա բնական է, և կարող էր նույնիսկ  ոգևորիչ լինել, եթե չպարզվեր, որ այդ քննարկումների հիմնական թիրախը ոչ թե հենց մեր գործունեությունն է, այլ կոնկրետ իմ անձնական հարաբերությունը:

Մյուս ցավոտ կետն այն է, որ բավական չէ՝ քննարկման նյութը բուն նախագծից ու նախագծի մասնակիցներից տեղափոխվել էր իմ անձնական հարաբերությունները քննարկելու ու քննադատելու դաշտ, քննարկողները հիմնականում աղջիկներ ու կանայք էին, ովքեր փորձում էին հարվածի տակ դնել, օրինակ՝ իմ անձնական հարաբերությունները՝ տրամաբանական պատճառներով:

Այս մարդկանց հիմնական փաստարկն այն էր, որ, եթե աղջիկը հարաբերության մեջ է, ընկեր ունի կամ ամուսնացած է, ուրեմն, եթե գրող է, ու գրական տեքստերում «ամուսնացած կնոջը» ոչ հարիր տեսարաններ կան, կամ, եթե լուսանկարչությամբ է զբաղվում, ու լուսանկարները մեյնսթրիմ ընկալումների մեջ չեն տեղավորվում, կամ, եթե արվեստագետ է ու ավանդական կնոջ դեր չի խաղում, ապա նման տափակ քննադատություններն ուղղվում են ոչ թե տվյալ անձնավորության գործունեությանը կամ անձամբ իրեն, այլ ուղղվում են այդ աղջկա եղբոր, հոր, ընկերոջ կամ ամուսնու տղամարդկային հատկանիշներին:

Նման մոտեցումն ինձ համար ինչ-որ առումով հասկանալի կլիներ, եթե այս դիրքերից հանդես եկողները չլինեին այն երիտասարդները, ովքեր գոնե հանրայնորեն կամ սոցիալական ցանցերում փորձում են առաջադեմ երիտասարդի իմիջով հանդես գալ»:

Ավելի հստակ լինելու համար՝ Անին մի օրինակ բերեց. «Պատկերացնենք՝ մի կին, ում համար խնդիր չէ սիրային հարաբերության մեջ գտնվել ամուսնացած տղամարդու հետ, ում համար որևէ խնդիր չէ մեկ այլ պարագայում զույգերից մեկի բացակայության ընթացքում ամիսներ շարունակ սիրահետել զույգերից մյուսին, ներխուժել զույգերի անձնական հարաբերությունների մեջ ու պահանջներ ներկայացնել, «խորհուրդներ» տալ, որ նրանց ավելի լավ կլինի, եթե բաժանվեն, նրա համար խնդիր է՝ օրինակ՝ նախագծի շրջանակներում հանրայնացրած իմ լուսանկարները, քանի որ, իր կարծիքով, ես դրանով հարվածի տակ եմ դնում իմ կողակցին:

Ստացվում է, որ ամեն ինչ թույլատրելի է, եթե բավարար խորամանկություն ունես՝ արածդ թաքուն անելու: Կարելի է ամեն բան անել, բայց, օրինակ՝ սոցիալական ցանցերում համեստ և առաջադեմ իմիջ ունենալ: Վերջին կետը երևի ինձ համար ամենացավոտ, բայց կոփող կետերից էր: Ինձ համար առաջադիմությունը Netflix-ի ու HBO-ի բաժանորդագրությունը կամ կորպորացիաներում ապահով ու բարձր վարձատրվող աշխատանք ունենալը չէ, այլ գրագիտությունը, համեստությունը, պարզությունն ու ստեղծագործական ազատության ձգտումը, և, որ ամենակարևորն է՝ խիզախությունը՝ երևալու այն, ինչ կաս»:

Սասսեքսի համալսարանի ուսանողուհին նշում է, որ այնտեղ ոչ միայն ուսանող ես, այլ ամբողջ միջավայրն է նոր, լեզուն է տարբեր. «Կարելի է ասել, որ սա փոփոխություն է կյանքի բոլոր ոլորտներում: Ինչպես աշխարհի բոլոր համալսարաններում, այստեղ ևս դասերը շատ խիտ են, և հիմնական աշխատանքը կախված է ուսանողից:

Եթե աշխատասեր ես և ձգտում ունես, կարող ես շատ բան սովորել, եթե ոչ՝ ոչինչ չի կարող օգնել: Ինձ համար շատ ոգևորիչ են եղել և մեծ ազդեցություն են ունեցել լուսանկարչության դասերիս դասախոսները: Դասախոսներիցս մեկը, ով հայտնի լուսանկարիչ է, երբ առաջին անգամ մտավ լսարան, պատմեց, որ ինքը լուսանկարչական կրթական հենք չի ունեցել, բայց 25 տարեկանում որոշել է, որ ցանկանում է զրոյից սկսել լուսանկարչությամբ զբաղվել, ու այդ օրվանից սկսած՝ ոչ մի օր ֆոտոխցիկը ձեռքից վայր չի դրել:

Նման օրինակներն են, որ ուսանողական այս փորձը դարձնում են հատուկ, թե չէ գրքերը կարող ես կարդալ նաև քո սենյակից՝ աշխարհի ցանկացած ծայրում»:

Ուսանողական կյանքի հետ կապված Անիի մյուս կարևոր ձեռքբերումը կապված է դոկումենտալ կինոյի դասընթացի հետ.

«Երբ էսսեներ գրելու համար թեմայի փնտրտուքների մեջ էի, դասախոսս առաջարկեց ուսումնասիրել հալեպահայ երիտասարդ ռեժիսոր Ավո Կապրիելյանի ֆիլմը՝ «Տներ առանց դռների» (2016): Ավոյի մասին առաջին անգամ էի լսում: Ավոն իր ֆիլմը նկարահանել է սիրիական պատերազմի ընթացքում՝ իր տան պատշգամբից, երբ Հալեպում արտակարգ դրություն էր, ամեն օր փողոցում անմեղ քաղաքացիներ էին զոհվում, և բոլորը վախի ու անորոշության մեջ՝ փակված էին իրենց բնակարաններում: Տան ներսում իր գաղթական հայ ընտանիքն է, ովքեր Հալեպ են գաղթել ցեղասպանության տարիներին, իսկ դրսում պատերազմ է, ու Ավոյի ընտանիքը պատրաստվում է հերթական գաղթին:

Չնայած ֆիլմը մի շարք միջազգային փառատոների դափնեկիր է, ֆիլմի մասին որևէ տեսական տեքստ չկար: Դասախոսս ինձ ոգևորվեց, որպեսզի ես ստանձնեմ այդ ֆիլմի մասին առաջին տեսական տեքստը գրելու պատասխանատու աշխատանքը:

Երևի այս մի տարվա ուսանողական կյանքիս ընթացքում սա ինձ համար ամենակարևոր աշխատանքն էր, որ անում էի: Այդ աշխատանքը մեծ կապ ուներ նաև իրավիճակի հետ, որի մեջ ես էի: Ավոյի ֆիլմը տան մասին է, որը դռներ չունի, այսինքն՝ այն երերուն է, ու տան մեջ միշտ միջանցիկ քամի կա:

Երբ գրում էի էսսես, մտածում էի, որ այն ռեժիսորի համար կարող է մի տեղ դառնալ, և ուզում էի տեքստիս միջոցով հոգ տանել հեղինակի մասին: Երբ տեքստս ավարտեցի, Ֆեյսբուքում գտա Ավոյին ու ուղարկեցի, որպեսզի կարդա: Կարդալուց հետո Ավոյից ստացա հուզիչ նամակ․ զարմացել էր, որ մի հայաստանցի ուսանող Անգլիայում անգլերենով գրախոսել էր իր ֆիլմն այնպես, ինչպես դեռ ոչ մի տեսաբան չէր գրախոսել: Երբ Ավոյից ստացա նամակը, որտեղ ասում էր, որ ինքը սրանից հետո միշտ հետևելու է իմ ցանկացած գործունեությանը, արդեն ինձ համար միևնույն էր, թե տեքստս ինչ գնահատական կստանար, որովհետև սրանից ավելի մեծ բավարարվածություն դեռ չէի ապրել՝ հոգ տանել մեկի մասին, ով պատերազմի ընթացքում նկարահանում է իր դատարկվող տունը:

Հետո համալսարանում կազմակերպեցի ֆիլմի փակ ցուցադրություն: Աշխարհի ամենատարբեր երկրներից ուսանողներ էին եկել, ովքեր առաջին անգամ էին լսում Հայաստանի մասին, Ցեղասպանության մասին, բայց ոչ այն ձևով, ինչպես մենք սովոր ենք այդ մասին խոսել: Այս ֆիլմն ինձ համար հատուկ էր նրանով, որ հայ լինելը, տուն չունենալը և նույնիսկ Ցեղասպանությունը ներկայացված էր հնարավորինս ամենանուրբ, ոչ ազգայնական ու ոչ պաթետիկ կերպով: Նման փոքր հաջողություններն են, որ այս ուսանողական փորձը դարձնում են հատուկ»։

Հարցազրույցի վերջում իր փորձից ելնելով՝ Անին խորհուրդ տվեց բոլորին՝ երբեք չդադարել երազել ու գնալ երազանքների իրականացման ճանապարհով. «Անկախ նրանից, թե ինչ են խոսում մարդիկ, ովքեր չեն հասկանում ձեզ, անկախ նրանից, թե ճանապարհի ընթացքում ովքեր ձեզ մենակ կթողնեն, ովքեր մինչև վերջ ձեզ հետ կմնան, ու, որ ամենակարևորն ու դժվարն է՝ պետք է կարողանալ այդ ճանապարհի ընթացքում չմոռանալ, թե ով ես դու, որտեղից ես գալիս, ուր ես գնում, և չկորցնել պարզ ու անկեղծ մնալու կարողությունը՝ աշխարհի որ կետում էլ լինես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս