«Ռուսաստանը մտահոգված է. Հայաստանը դարձել է սուբյեկտ և կարող է որոշակի գործողություններ թելադրել Ռուսաստանին». Նարինե Դիլբարյան

Գրականագետ Նարինե Դիլբարյանը վճռական քայլ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. «Առաջին անգամ բավական տևական ժամանակամիջոց հետո Հայաստանը դառնում է գործուն քաղաքականության, պետական դիվանագիտության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ։ Այս համաձայնագիրն անգամ Եվրոպայի կողմից շատ զգուշավոր է, կիսատ-պռատ է, բայց ավելի լավ է գոնե մի քայլ կատարել, քան տեղում կանգնած մնալ»։

Նրա խոսքով՝ այս գործընթացը երկարատև աշխատանք է պահանջում.

«Մենք դեռ «այբ»-ն ենք ասել, իսկ «այբ»-ից հետո բազմաթիվ տառեր կան։ Բայց, բացի նրանից, որ մենք կարողացանք մեր եվրոպական կողմնորոշումը բարձրաձայնել և պաշտոնական ձևակերպում տալ, մեր հասարակությունը և ռուսական հանրույթը հասկացան, որ Հայաստանն այդքան էլ կրավորական երկիր չէ։ Որքան էլ երկիրն ինքնուրույն է քաղաքական դաշտում, այնքան նրա հետ ավելի շատ են հաշվի նստում։ Ռուսաստանի քաղաքագիտական թևի կարծիքը ևս արտահայտում է պաշտոնական Ռուսաստանի մտահոգությունները։

Չեմ կարծում, թե Ռուսաստանը մտահոգված չէ։ Այսօր Ռուսաստանն ինքը բարդ իրավիճակում է։ Ռուսաստանում պարզապես հասկացել են, որ այդ գործընթացին ակտիվ դիմադրելով՝ կարելի է վտանգավոր բախումների առաջ կանգնել։ Ռուսաստանն այսօր քաղաքական մեկուսացման մեջ է»։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձյանագիրը Ռուսաստանի հետ միանշանակ համաձայնեցված է եղել.

«Այդպիսի քայլերը չեն կարող համաձայնեցված չլինել, այն էլ՝ այնպիսի պարագայում, երբ մենք ԵՏՄ անդամ ենք։ Հիմա ՀՀ-Եվրոպա, ՀՀ-ՌԴ հարաբերություններում յուրօրինակ ստատուս-քվոյի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հայաստանը դարձել է սուբյեկտ և կարող է որոշակի գործողություններ թելադրել Ռուսաստանին։ Միջազգային ասպարեզում Ռուսաստանին նետված մարտահրավերները շատ մեծ են, Ռուսաստանը հիմա դժվարին վիճակում է և չի կարող լիովին կանխորոշել Հայաստանի քայլերը։ Սա շախմատային տախտակի նման է․ մեր զինվորը թագուհի դառնալու գործնական հնարավորություն ունի, իսկ ռուսական թագավորը բավական դժվար իրավիճակի մեջ է։ Ուստի, այդքան դժվար է հրաժարվել՝ թեկուզ հնարավոր դաշնակիցներից, անհնար կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս