Դոնալդ Թրամփը զայրացրել է Բրիտանիայի պատգամավորներին

«Բրիտանիան Առաջին Հերթին» աջակողմյան շարժման տեսանյութերի տարածումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թեժ քննարկումներ է առաջացրել հենց Բրիտանիայում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Անհապաղ գործել է պետք, ձեռքին զարկելը բավարար չէ: Հրավերն անվավեր ճանաչեք», – խորհրդարանական Սքիները կոչ է անում վարչապետ Մեյին անվավեր ճանաչել նախագահ Թրամփի հրավերը Մեծ Բրիտանիա:

ԱՄՆ-ի նախագահների պետական այցը Բրիտանիա ավանդաբար նախատեսում է շքեղ ընդունելություն: Չնայած քննադատությանը, վարչապետ Մեյի դիրքորոշումն անփոփոխ է.

«Հրավերն ուղարկվել է եւ ընդունվել»:

Մեյի խոսքերը բուռն քննարկումներ առաջ բերեցին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

«Այս տեսանյութերը տարածելով՝ Թրամփը գործել է քամ ռասիստական, անիրազեկ կամ չմտածված քայլ», – բրիտանացի խորհրդարանական Սթիվեն Դաութիին անհանգստացրել է հակամահմեդական տեսանյութերի տարածումը:

Հատկանշական է, որ տեսանյութերից առնվազն մեկը, որտեղ իբր մահմեդական ներգաղթյալ դեռահասը հարվածում է հենակներով հոլանդացի դեռահասին, կեղծ է: Նիդերլանդների ոստիկանության տվյալներով հարվածող երիտասարդը ներգաղթյալ չէ, այլ նույնպես հոլանդացի է:

Ի պատասխան, նախագահ Թրամփը թվիթերում գրել է. «Ինձ վրա կենտրոնանալու փոխարեն լավ կլիներ կենտրոնանայիք Միացյալ Թագավորության ներսում ծայրահեղական մահմեդական ահաբեկչության վրա»:

Բրիտանիայի վարչապետը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի գրառումը, նշել է, որ բարեկամները միմյանց միջեւ միշտ կարող են անկեղծ լինել.

«Մեր սերտ համագործակցությունը չի խանգարում մեզ մատնացույց անել, երբ մեր կարծիքով Միացյալ նահանգները սխալ է գործում, իսկ այդ տեսանյութերով կիսվելը սխալ էր»:

Սպիտակ տան խոսնակ Սարա Սենդերսն իր կողմից բոլորին խորհուրդ է տվել քննարկել ոչ թե առանձին տեսանյութերն, այլ՝ ահաբեկչության տարածման եւ դրա դեմ պայքարի բուն խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս