Բաժիններ՝

Բելգիան ցանկանում է հակամարտությունների կարգավորման իր փորձը տանել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանը Երևանում խոսեց այն տեսլականի մասին, որով երկիրը մասնակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2019-2020 թթ. ոչ մշտական անդամ դառնալու ընտրությանը: Ինչպես Երևանում լրագրողների հանդիպմանը նշեց դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն, Բելգիան ամբողջ աշխարհում ներկայացնում է իր թեկնածությունն առաջադրելու պատճառները, որոնք ամփոփվում են երեք հիմնական դրույթներում: «Ցանկանում ենք հակամարտությունների կարգավորման մեր փորձը բերել Անվտանգության խորհուրդ: Հիմնվելով Բելգիայի ու եվրոպական փորձի վրա` կարող ենք ասել, որ հակամարտությունը կարգավորելու լավագույն տարբերակը երկխոսելն է: Տարակարծությունը նորմալ է նույնիսկ մոտ ընկերների միջև, բայց կարևորը դա հաղթահարելն է ու այնպիսի լուծումներ գտնելը, որոնք կբավարարեն կողմերին: Միգուցե ամբողջովին չբավարարեն, բայց թույլ տան, որ կողﬔրն ապրեն խաղաղության ﬔջ»,- ընդգծեց Ռեժիբոն:

Թեկնածությունն առաջադրելու մյուս կարևոր պատճառն, ըստ նրա, մարդու իրավունքների և քաղաքացիների պաշտպանությունն է: Դեսպանը հատկապես կարևորեց կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը` նշելով, որ շատ հաճախ ամենաշատը հենց նրանք են տուժում հակամարտությունների ժամանակ: «Մենք միշտ փորձում ենք դատարանի առջև կանգնեցնել մարդկության դեմ հանցանք գործած անձանց, քանի որ չենք կարող ընդունել, որ նրանք մնան անպատիժ»,- հավելեց Ժան-Արթուր Ռեժիբոն:

Երրորդ պատճառը բնապահպանական խնդիրների լուծման ու կայուն զարգացման իրենց մոտեցումների իրագործման ցանկությունն է: Ժան-Արթուր Ռեժիբոյի խոսքով` սոցիալական և տնտեսական զարգացումը շատ հաճախ որպես կոնֆլիկտների կանխարգելման միջոց է հանդես գալիս: Բացի այդ` կարևոր է հոգ տանել Երկիր մոլորակի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս