«Բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է». Պյոտր Սվիտալսկի
Ամփոփվեցին երեք տարի իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017 թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո նախաձեռնության շրջանակում։
Համաժողովն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։
Ծրագիրը սևեռված է դրամաշնորհ ստացող կազմակերպությունների կողմից բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության և թափանցիկության խթանմանն ուղղված միկրոծրագրերի իրականացմանը։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ծրագիրը շատ գործունակ է, և համարյա բոլոր ուսումնական հաստատություններում հստակ գործում են բարեվարքության կանոնները, ներդրված են թափանցիկ մեխանիզմներ։
«Շատ կարևոր գաղափար էլ կա՝ ռեեստրի գաղափարը և համալսարանի գործունեության հասանելիությունը ոչ միայն դասախոսության, ուսանողության համար, այլ նաև հասարակության համար։
Շատ հետաքրքիր ծրագիր է այն առումով, որ առաջարկում է կանոնակարգված լուծումներ և ոչ թե սեգմենտային պայքարի իմիտացիայի ձևաչափ է։ Ե՛վ ուսանողների, և՛ դասախոսական կազմի գնահատմամբ, երկու-երեք տարվա ընթացքում մեր համալսարաններում ունենք որակական փոփոխություններ այս ուղղությամբ։ Ե՛վ ռիսկերի նվազեցում է նկատվում, և՛ ավելի հստակ աշխատանքի ոճ կա, դեկանատներն են սկսել ավելի լավ աշխատել, ուսանողները գիտեն ինչպես և ինչ պահանջել։
Անելիքները դեռ շատ են, բայց սա շատ օգտակար ծրագիր է։ Կոռուպցիայի դեմ պայքարը բազմաբովանդակ է՝ սկսած աշխատավարձերի և հաստիքների հստակեցումից ու բարձրացումից, մինչև քննությունների, դիպլոմային աշխատանքների, կուրսայինների և նմանատիպ գործընթացների ավելի հրապարակային ու գիտական կազմակերպում»,- ասաց Լևոն Մկրտչյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները ներառում են հանրային իրազեկման ռազմավարության մշակման նախաձեռնություններ, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման քարոզարշավներ և կրթության ոլորտում խարդախությունների բացահայտմանն ուղղված քաղաքական առաջարկներ։
«Բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է։ Կրթական հաստատությունների ողջ ներուժը պետք է օգտագործվի, որպեսզի զրոյական հանդուրժողականություն ցուցաբերվի կոռուպցիայի նկատմամբ։ Հայաստանում գործում է վերջերս ընդունված բավականին լավ, բարձրորակ օրենսդրություն, որի շնորհիվ հուսով ենք, որ հանրային մտածելակերպը և դիրքորոշումները կարող են հաջողության հանգեցնել»,- ասաց Սվիտալսկին։
Ծրագրի գոյության ընթացքում վերապատրաստման դասընթացներ են իրականացվել, կազմակերպվել իրազեկող միջոցառումներ համալսարանների կառավարման օղակների և ակադեմիական անձնակազմերի համար։ Միջոցառումները եղել են տիպային էթիկայի կանոնագրքի ստեղծման, կոռուպցիայի, կաշառակերության և բարեվարքության կանոնակարգմանն ուղղված օրենքների մշակման ուղղությամբ։