Բաժիններ՝

ԱՄՆ-ը բոլոր երկրներից պահանջել է խզել կապերը ԿԺԴՀ-ի հետ

Աշխարհի երկրները պետք է խզեն ամեն տեսակ հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ նոյեմբերի 29-ին ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի արտահաերթ նիստում, որը նվիրված էր ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձարկմանը:

«Այսօր մենք կոչ ենք անում բոլոր երկրներին խզել կապերը Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է դիվանագետը՝ հիշատակելով Փենյանի հետ համագործակցության ռազմական, գիտական, տեխնիկական ու տնտեսական ոլորտները: Որպես այն միջոցներից մեկը, որոնք կարող են կանգնեցնել ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրերը, Հեյլին համարում է համաշխարհային կազմակերպությունում Փենյանին ձայնի իրավունքից զրկելը: Հեյլին նշել է, որ ԿԺԴՀ-ին խաղաղեցնելու գործում առաջատար դերը պետք է խաղա Չինաստանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ամբողջովին դադարեցնել նավթամթերքի մատակարարումը ԿԺԴՀ-ին: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի կարծիքով՝ ռազմական հակամարտությունը, որը ձգտում Է սանձազերծել Կիմ Չեն Ընը, կբերի «ԿԺԴՀ-ի ռեժիմի լիակատար ոչնչացման»:

Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին:

Հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 4- 4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում:

Ռադարները գրանցել են դրա բաժանումը երեք մասի, ինչից փորձագետները եզրակացնում են, որ դրանք եղել են բուն հրթիռի երկու աստիճանները եւ մարտագլխիկի մոդելը: Հրթիռն արձակվել է այսպես կոչված կախովի հետագծով. ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ կերպով՝ մեծ անկյան տակ, որպեսզի կրճատվի թռիչքի հեռվությունը: Եթե այն արձակվեր սովորական հետագծով, դրա հեռվությունը կարող էր կազմել 13 հազար կիլոմետր: Դա նշանակում է, որ գործողության շառավիղը կծածկեր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս