«Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը 2020թ. 20 նպատակների մեջ է ներգրավված. արհեստականորեն ոչ ոք չի ձգձգելու այս գործընթացը». Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման մասին։
Դեսպանը մասնավորապես կարևորեց այն, որ 2020թ. 20 նպատակներն անդրադառնում են նաև վիզաների ազատականացմանը. «Բայց, ինչպես նախկինում եմ ասել, ԵՄ դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է, որ որոշ պայմաններ կան, որոնք պետք է կատարվեն ու բավարարվեն։ Վիզաների ազատականացման որոշումը տեղի կունենա իր ժամանակին։ Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ փաստը, որ մենք ունենք այս հանձնառությունը, որն իր հաստատումն ստացավ Բրյուսելում անցած ուրբաթ, շատ լավ նշան է։ Մենք քաջալերում ենք մեր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը, որովհետև սա պահանջում է իրական, ծանր աշխատանք։ Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, և այն երկրները, որոնք ցանկանում են ազատ վիզային գոտի, պետք է հավատան Եվրոպային, պետք է լինեն իրապես եվրոպացի, ուզենան ապրել եվրոպական ստանդարտներով։ Սա է հիմնական այն ուղերձը, որը պետք է գա հայաստանցիներին»։
Դեսպանի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումը ենթադրում է օրենսդրական, ադմինիստրատիվ, ինստուցիոնալ փոփոխություններ. «Սա պարզ գործընթաց չէ։ Ինչպես գիտեք ձեր հարևանների փորձառությունից՝ դա պահանջում է մեծ աշխատանք։ Բայց ես անձնապես հավատում եմ Եվրոպայում ազատ ճամփորդելուն, ես հավատում եմ, որ դա նաև ՀՀ քաղաքացիների համար տեղի կունենա։ Այնպես որ, համբերություն, քրտնաջան աշխատանք և եվրոպական մտածելակերպ»։
Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացման ժամկետներին, դեսպանը հետևյալն ասաց. «Ես մարգարե չեմ, չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում դա տեղի կունենա, բայց վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը 2020թ. 20 նպատակների մեջ է ներգրավված։ Եթե բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվեն, և եթե ԵՄ բոլոր անդամ երկրներն ընդունեն, որ ճիշտ ժամանակն է, դա տեղի կունենա։ Արհեստականորեն ոչ ոք չի ձգձգելու այս գործընթացը, դա մեր շահերից չի բխում»։