Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ինչպե՞ս կազդի այն քաղաքացիների կյանքի վրա։ Այս հարցերին ի պատասխան՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ համաձայնագրում ոչ մի կախարդական փայտիկ չկա.
«Իրականությունը չի փոխվում մի գիշերվա ընթացքում, բայց ես կարծում եմ, որ այս համաձայնագիրն առաջընթաց կգրանցի բոլոր այն տեղերում, որտեղ դեռ հարցականներ կան։ Երբ իրագործվի համաձայնագիրը, այն կարող է ծառայել՝ որպես իրավունքների ավելի լավ պահպանման գործիք, կարող է հանգեցնել ավելի ժողովրդավարական գործընթացների, ամրապնդել օրենքի գերակայությունը և կառավարման այլ ոլորտները։ ԵՄ-ն պատրաստ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձառությամբ՝ լավ կառավարման ոլորտում»։
Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է տնտեսական օգուտներ բերել. «Մենք վստահ ենք, որ այս համաձայնագիրը պարունակում է իր մեջ նոր տարրեր, դա WTO ռեժիմն է, մեր փորձագետները խոսում են նաև WTO+ ռեժիմի մասին, որը վերաբերում է առևտրին, մրցակցությանը, գնումներին։ Այս տարրերը կարող են ոգևորել եվրոպական բիզնեսմեններին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում, կարող են ոգևորել ձեր ընկերություններին, որպեսզի ավելի շատ առևտուր անեն ԵՄ-ի հետ, որովհետև նրանք երաշխիքներ կունենան, որ ժամանակակից արևմտյան բիզնեսի ստանդարտները կկիրառվեն Հայաստանում, ինչն իմ կարծիքով՝ չափազանց կարևոր է։ Եթե նայեք հատվածային համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում, այս համաձայնագիրը կարևոր տարրեր է պարունակում, որոնք արդյունքներ կտան։ Եվ վերջապես, ԵՄ-ն կտրամադրի շատ կոնկրետ ֆինանսական աջակցություն, որպեսզի այդ համաձայնագիրն իրականություն դառնա»։
Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն 25 տոկոսով ավելացնելու է ՀՀ զարգացմանը վերաբերող բյուջեն, համաձայնագրի իրականացման տեխնիկական աջակցությունը ևս կներառվի նրանց գործողությունների ծրագրում. «Եթե լավ կիրառվի, մենք կարող ենք ՀՀ քաղաքացիներին ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական օգուտներ է տալիս։ Վաղը կամ վաղը չէ մյուս օրն օգուտների մի սպասեք, բայց եթե մեր հայ գործընկերների հետ միասին աշխատենք, ավելի քան վստահ եմ, որ համագործակցության ոգին, որ կար համաձայնագիրը ստորագրելիս, իրապես կամրապնդի դրա իրագործումը։ Ես վստահ եմ, որ իրական փաստերով հնարավոր կլինի ցույց տալ, թե ինչպես է այս համաձայնագիրը նպաստում ՀՀ զարգացմանը»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, ապա Սվիտալսկին նկատեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մյուս երկրների համար ևս շահեկան կարող է լինել. «Այս համաձայնագիրը որևէ երրորդ կողմի ուղղված չէ, ավելին, այս համաձայնագրի որոշ տարրեր Հայաստանի մյուս գործընկերների համար էլ շահավետ կլինեն, որովհետև այն շատ բաց է իր փիլիսոփայության մեջ։ ԵՄ-ն ոչ մի եսասիրական նպատակ չի հետապնդում։ Մենք չենք ուզում մոնոպոլացնել այդ օգուտները»։