«Առինջ մոլի ձեռներեցները պատանդ են. Նրանք «դուխ» չունեն, որ խոսեն, դրա համար ես եմ խոսում». Տիգրան Հովհաննիսյան

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Առինջ մոլի վաճառականները պատանդ են. «Պարոն Ծառուկյանի, Առինջ մոլի ղեկավարության և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի մեջ շահերի բախում կա, քանի որ նախկինում կարգոների ժամանակ ապօրինություններ էին կատարվում։ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն դաշտն օրինականացրել է, ապօրինի փոխադրումներ չկան։ Առինջ մոլի ղեկավարությունը զրկվել է իր փողերից, և այդ ժողովուրդը, որ հիմա ցույց է անում՝ գաղափար չունի, թե ինչ վճար պետք է կատարի, ինչ գումարներ են տալիս հաշվապահության համար, և այդ ղեկավարությունն ինչ շահեր ունի»։

Հովհաննիսյանը բացառում է, որ Գագիկ Ծառուկյանը տեղյակ չլինի, թե Առինջ մոլի ղեկավարներն ինչ շահեր ունեն, ինչ գումարներից են հիմա զրկվել. «Դրա մասին թող խոսեն, ինչո՞ւ են ասում, թե ժողովուրդը պայքարում է, ժողովուրդը չի ուզում»։

Նա պատմեց, թե ինչպես է ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել բիզնես հիմնել, բայց Ծառուկյանը միջամտել է. «Ես դիմեցի Սերժ Սարգսյանին, նա զանգեց ու Ծառուկյանի «պորտը» տեղը դրեց։ Ծառուկյանը նույն ոճով՝ ապօրինի գումարները թալանելով, ո՞ւր է ուզում հասնել, չեմ հասկանում։ Ինքը նույնը մնացել է, միշտ պետք է խառնակչություն լինի, խժդժություն լինի, խառնակչություն լինի»։

168.am-ի հարցին՝ ի վերջո, այս հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում, ինչի՞ է ուզում հասնել, Տիգրան Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես ուզում է՝ այս ամենի մասին բոլորն իմանան. «Ես ահազանգ եմ տալիս նրա համար, որ այդ ձեռներեցները պատանդ են։ Նրանք «դուխ» չունեն, որ խոսեն, դրա համար ես եմ խոսում։ Ձեռներեցներին ասում են՝ ցույց արեք․ Փեթակը, Սուրմալուն, Մալաթիան մեռա՞ծ են, միայն Առինջ մոլն է ոտքի ելնում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս