«Չեմ կարծում, որ պետք է լուրջ էյֆորիայի մեջ ընկնել». Վիգեն Հակոբյան

Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Շատերը համաձայնագրի ստորագրումը որակեցին՝ որպես հայկական դիվանագիտության հաղթանակ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ սա սովորական պրոցես է։

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կային նաև լուրջ խոչընդոտներ՝ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ պարտավորությունների հետ, որոնք հաջողվել է հաղթահարել, և այս առումով, ըստ քաղտեխնոլոգի՝ պետք է մի փոքր ավելի հանգիստ վերաբերվել համաձայնագրի ստորագրմանը։

«Ես ավելի սառն եմ մոտենում այս հարցերին, բայց երեկվանից էյֆորիա կա այս համաձայնագրի շուրջ հիմնականում ֆեյսբուքյան տիրույթում և որոշ քաղաքական շրջանակներում՝ հիմնականում ՀՀԿ-ում և ռուսաֆոբ հասարաակության շրջանում։ Սա նորմալ պրոցես է, որը հետևել է 2013թ. բավականին լուրջ ֆիասկոյին, և պետք չէ մոռանալ, որ այս պրոցեսն արդեն ունեցել է նախադեպ 2015թ., երբ ԵՏՄ անդամ և հիմնադիր երկրներից մեկը՝ Ղազախստանը, դեռևս 2015թ. դեկտեմբերի 21-ին ստորագրել էր ԵՄ հետ նմանատիպ մի համաձայնագիր։

Այսինքն՝ կար նախադեպ, իսկ երբ կա նախադեպ, շատ ավելի հեշտ է նպատակին հասնելը։ Ե՛վ Ռուսաստանն է ավելի սառը մոտենում հարցին, առանց նյարդայինանալու, և՛ ԵՄ-ն, և՛ ՀՀ-ն»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ 2013թ.-ից հետո եղել է սխալների ուղղում. «Սխալները ուղղել, դասեր են քաղել և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ ինչ-որ չափով՝ ԱՄՆ-ը։ Մարդիկ հասկացել են, որ արգելելը բերում է շատ ավելի ծանր հետևանքների։ Ի վերջո, կա նաև Ուկրաինայի նախադեպը, երբ կոնֆրոնտացիան բերում է նրան, որ բոլորն են տուժում․ Ուկրաինան էլ է պարտվել, ԵՄ-ն էլ է պարտվել, քանի որ Եվրոպայի սրտում մեծ կոնֆլիկտ կա, և Ռուսաստանն էլ է մասմաբ կորցրել Ուկրաինան»։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիվանագիտական աշխատանքին, ապա քաղտեխնոլոգը համարում է, որ լուրջ աշխատանք տարվել է. «Ստեղծված նոր իրողություններում փորձել են կողմնորոշվել, փորձել են, այսպես ասած՝ տարբեր սակարկությունների միջոցով ստանալ այս արդյունքը։ Բայց չեմ կարծում, որ պետք է լուրջ էյֆորիայի մեջ ընկնել․ այն վերնագրերը, որ տեսնում եմ երեկ և այսօր, կարծում եմ, ադեկվատ չեն ստորագրված համաձայնագրին»։

Իսկ ի՞նչ կտա համաձայնագիրը Հայաստանին։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա կտա Հայաստանին, կստեղծի հնարավորություններ.

«Ցանկացած նման համաձայնագիր, նոր ֆրոմատ, նոր միության մեջ մտնելը, ինչպես ԵՏՄ-ն էր, հիմա էլ՝ ԵՄ-ն, նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար։ Բայց խնդիրն այն է, որ դրանք միայն նոր հնարավորություններ են, և կարևոր է, թե որքանով ենք պատրաստ օգտվել այդ հնարավորություններից։ Ինչպես ցույց տվեց ԵՏՄ-ի հետ մեր երկու տարվա համագործակցության փորձը՝ Հայաստանը ոչ միշտ է պատրաստ օգտվել ընձեռնված հնարավորություններից։ Հիմա այս համաձայնագիրն էլ նոր հնարավորություն է ստեղծում՝ մանևրելու քաղաքական ասպարեզում, ինչպես նաև՝ հետագայում տնտեսական հարցերում։ Ինչքանո՞վ մենք կկարողանանք այս հնարավորություններից օգտվել, դա է հարցը»։

Նա ընդգծեց՝ ԵՏՄ-ի հնարավորությունները Հայաստանը չի կարողանում առայժմ օգտագործել.

«Դա պայմանավորված է իշխանությունների ոչ էֆեկտիվությամբ։ Այստեղ այլ բան չկա։ Իհարկե, կարելի է միշտ պատճառաբանություն բռնել, որ ԵՏՄ-ն կատարյալ չէ, վաղը-մյուս օրը ասելու են, որ ԵՄ-ն կատարյալ չէ, ոմանք ասելու են՝ ԵՄ-ն մեզ ինչ-որ բաներ է պարտադրում, ճնշում է, և այլն։ Այսինքն՝ միշտ կարելի է մեղադրել արտաքին ուժերի քաղաքականությանը, բայց նախ և առաջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի իշխանական համակարգն էֆեկտիվ չի աշխատում։

Նույն ԵՏՄ-ն, հիմա էլ՝ ԵՄ-ն, մեզ հնարավորություն են տալիս տնտեսությունը զարգացնել, շուկաներ են մեր առջև բացում։ Նույնիսկ չստորագրելով ասոցացման համաձայնագիրը՝ ունենք GSP+ ռեժիմը, որը մեզ հնարավորություն  է տալիս արտոնյալ ռեժիմով աշխատել նաև Արևմուտքի հետ։ Հիմա մեզ ոչինչ չի խանգարում դա անել, բայց մեր տնտեսությունը դեռևս էֆեկտիվ չէ, այսինքն՝ շուկաներ կան, բայց ապրանք չունենք արտահանելու, սա է խնդիրը։ Կապ չունի՝ դու ստանում ես արտոնյալ ռեժիմ 150, թե 300 միլիոնանոց շուկայում, եթե քո տնտեսությունը պատրաստ չէ այդ շուկաներում աշխատել, դա ընդամենը չիրականացված հնարավորություն է դառնում»։

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, ըստ Վիգեն Հակոբյանի՝ ավելի շատ քաղաքական համաձայնագիր է, որը մեսիջ է, որ Հայաստանը շարժվելու է եվրոպական արժեհամակարգով.

«Բայց դա առայժմ դեկլարատիվ փաստաթուղթ է, և եթե մեր հասարակությունը նման արժեհամակարգի իրական կարիք չունի, ասենք՝ ընտրություններում ավելի շահագրգռված է լինում 5-10 հազար դրամով վարքագիծ դրսևորել և արդար ընտրություններն իր համար կենսական պահանջ չեն, ապա ոչ մի փաստաթուղթ չի աշխատելու։ Այստեղ ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաև հանրության, թե որքանով է հանրությունը պահանջ զգում նման համաձայնագրերի, որ ամբողջ համաձայնագիրը չսահմանափակվի զուտ պատկերացումներով, որ սա թույլ է տալու ապագայում վիզաները ազատականացնել։ Հիմա հիմնականում այդ խոսակցությունն է,  որ սա կբերի վիզաների ազատականացման․ ամբողջ այդ լուրջ փաստաթուղթը պրոյեկտվում է ավելի կենցաղային թեմայի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս