«ԵՄ-ի համար Ադրբեջանի կողմից այս պայմանավորվածություններից հետ կանգնելն իրական ահազանգ է». Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ

– Պարոն Աբրահամյան, երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը, որում նաև աջակցություն է հայտնվում ՄԽ շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սա ի՞նչ նշանակություն կունենա ԼՂ խնդրի լուծման հարցում:

– Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում մինչ համաձայնագրի ստորագրումն էլ հստակ էր, դրա մասին բազմիցս հնչել էր ԵՄ տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Համաձայնագրում, ըստ էության, վերահաստատվեց այդ դիրքորոշումը: Նման կարևոր փաստաթղթում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկի շուրջ ամրագրում պետք է լիներ և դա եղավ ԵՄ դիրքորոշման վերահաստատման տեսքով:

– ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում խոսվում է նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին: Այսինքն` ոչ միայն հայկական կողմը, այլ նաև միջազգային հանրությո՞ւնը ետ չի կանգնում դրանցից, և սա ի՞նչ ազդակ է Ադրբեջանին:

– Սա ազդակ է առ այն, որ վերոնշյալ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգում են, ինչն, ըստ էության, անուղղակի ճնշում է Ադրբեջանի վրա: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ մինչև ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեն, կողմերի միջև որոշակի վստահության դաշտ չձևավորվի, ապա անիմաստ է խոսել բանակցային գործընթացում իրական առաջընթացի մասին:

Ավելին՝ ԵՄ-ի համար Ադրբեջանի կողմից այս պայմանավորվածություններից հետ կանգնելն իրական ահազանգ է այն մասին, որ Ադրբեջանի՝ Արցախյան հարցով իրականացվող քաղաքականությունը հիմնված է իմիտացիայի վրա, ինչը տարածաշրջանի կայունության և խաղաղության հարցում լուրջ վտանգներ է պարունակում:

– ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրում որևէ հակամարտության անվանական անդրադարձ չեղավ: Սա հայկակա՞ն դիվանագիտության ձեռքբերումն է, թե՞ եվրոպացիների դիրքորոշումը և ի՞նչ է այն ցույց տալիս:

– Սա, կարծում եմ, ստեղծված իրավիճակում կոմպրոմիսային լուծում էր: Եվրամիությունը մշտապես սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող գործընթացին, իսկ տարածաշրջանի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններում մշտապես հղումներ է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս