Բաժիններ՝

Արգենտինական կորած սուզանավի անձնակազմի ընտանիքներն իրենց հարազատների փրկվելու հույս ունեն

Նոյեմբերի 15-ին Արգենտինայի ռազմածովային ուժերի կորած սուզանավի անձնակազմի անդամների ազգականներն ու ծանոթները հույս ունեն, որ իրենց հարազատները կփրկվեն, նրանք հավաքվում են Մար-դել-Պլատա քաղաքում գտնվող ռազմածովային բազայի մոտ՝ սպասելով նորությունների։

«Ինչ վերաբերում է ինձ, ես հույս ունեմ»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է սուզանավի նավաստիներից մեկի կինը՝ Ֆեռնանդա Վալակոն: Խոսելով նրա մասին՝ կինը նշել է, թե վստահ է նման իրավիճակից գլուխ հանելու իր ամուսնու ընդունակություններին: Նրա խոսքով՝ անձնակազմի բոլոր անդամները «պատրաստված են եղել սուզանավում գտնվելուն, նրանք ինտենսիվ դասընթացներ են անցել»:

«Այդ նորությունը մեզ դրել է սպասողական վիճակում»,- գործակալությանը հայտարարել է կորած նավի հրամանատար Ֆեռնանդե Վիսենտե Վիլյարեալի հայրը՝ պաշտոնաթող զինվորական Խորխե Ալբերտո Վիլյարեալը: Նա նշում է, որ լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի, որ անձնակազմի բոլոր անդամները կկարողանան «հաղթահարել այս իրադրությունը»:

«Այդ տեխնոլոգիական տերմինների մասին չգիտեմ, մեզ ասել են միայն, որ աղմուկ կա, որը կարող է լինել սուզանավից… եւ իրենք աշխատելու են դրա վրա»,-սուզանավի անհետացման շրջանում նկատված հիդրոակուստիկ շեղման կապակցությամբ նշել է Վիլյարեալը: Բժիշկ-հոգեբույժ Էնրիկե Ստեյնը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ անհետացած սուզանավի անձնակազմի ընտանիքների անդամների բարոյական վիճակը փոխվում է՝ կախված այն տեղեկատվությունից, որն ստացվում է տարբեր ԶԼՄ-ներից:

«Ներկայում մարդիկ հուզախռով վիճակում են ստացվող տեղեկատվության պատճառով, ներառյալ հույսերն ու հիասթափությունները, ինչը տրամաբանական է, որովհետեւ ոչինչ չեն կարող անել»,-հայտարարել է Սթեյնը: Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» սուզանավը դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք տանող ճանապարհին: Սուզանավում գտնվում էր անձնակազմի 44 անդամ, այն ուներ թթվածնի վեց օրվա պաշար: Ավելի վաղ տեղեկացվել է, որ վերջին անգամ կապի մեջ մտնելու պահին սուզանավի անձնակազմը հայտնել է վթարի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս