Ի՞նչ են առաջարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները
«Նախաձեռնությունը մեծապես հաջողվել է, քանի որ թեև օրենքն ընդունվել է, բայց ուսանողները մասնակցում են լրացումներին»,- այսօր ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը` միաժամանակ արձանագրելով, որ այս խնդիրների մասին պետք է խոսեին ուսանողական մի շարք կառույցներ, որ լռում են:
Նա կարևորեց կրթության անընդհատության և սոցիալական արդարության սկզբունքների պահպանումը:
Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը ներկայացրեց իրենց առաջարկները:
Նրա խոսքով` տարկետման այնպիսի ճկուն համակարգ պետք է գործի, որ ապահովվի կրթության անընդհատությունը և բացառի զինծայռայությունից խուսափելու բոլոր ուղիները:
Բալդարյանը նշեց, որ կառավարություն է ներկայացվել մի ուշագրավ առաջարկ, որ նաև ՊՆ և ԿԳՆ է ներկայացվել, որպեսզի կառավարության կողմից ստեղծվի հանձնաժողով, որ կքննի գիտակրթական հաստատություններից ստացած հիմնավորումները և այդ անձանց անձնական տվյալների հիման վրա կկայացնի որոշում. «Սա վերաբերում է սահմանափակ թվով տեղերի հատկացմանը շնորհալի երիտասարդների համար»:
Ուսանողներն առաջարկում են մշակել տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ գիտական և կրթական համակարգի կայուն զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը, միաժամանակ նաև բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը: Այդ նպատակով տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դրվում են որոշակի սկզբունքներ` գիտական ուղղության գերակայութոււնը, տվայլ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը: «Ակադեմիական տարկետումը պետք է կապել և’ անհատի, և՛ գիտական ուղղության, և՛ գիտակրթական հաստատության հետ: Այս 3 սկզբունքներն էլ պետք է փոխկապակցված լինեն տարկետման իրավունքի տրամադրման ժամանակ»,- ասաց Ս. Բալդարյանը:
Նրա խոսքով` տարկետումից ազատվելու հավակնորդների ցուցակը` հիմնավորումներով, պետք է հրապարակվի կառավարության որոշումից առնվազն 1 ամիս առաջ, թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդի հետ կնքվելիք պայմանագրով պետք է սահմանվի, որ նա առնվազն 5 տարի պետք է աշխատի այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է նրան տարկետման համար.
«Սա կարող է դառնալ յուրատեսակ երաշխիք ասպիրանտական կրթության ասպարեզում բոլոր կոռուպցիոն երևույթները չեզոքացնելու և գիտական ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու ճանապարհի համար»:
Դ.Պետրոսյանը հավելեց, որ իրենք առաջարկում են 4 տարվա բակալավրի ընթացքում բաշխել 1.5 տարվա ծառայությունը` 4-ական ամիս ծառայության ժամկետով. «Այսինքն` ոչ թե բուհն ենք տանում բանակ, այլ բանակն ենք բերում բուհ, չի խախտվում կրթության անընդհատության սկզբունքը, և բանակն էլ համալրվում է կրթված կադրերով: Սա կնպաստի նաև բարոյահոգեբանական վիճակի լավացմանը, կթուլացնի լարվածությունը բանակում, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից:
«Այստեղ հնչած բոլոր առաջարկները քննարկվելու են»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` առաջարկելով նախաձեռնության նույն խմբին մասնակցել ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին: