Ինչպե՞ս է հարկազատումն ազդել մարզերի բիզնես գրավչության վրա
2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, սահմանվեց նաև սահմանամերձ այն գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվեց հարկերից՝ Արարատի մարզի Երասխ, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Գեղարքունիքի մարզի Վահան և Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար և Վերին Կարմիրաղբյուր գյուղեր:
Թե հստակ ի՞նչ ազդեցություն է ունեցել հարկազատումն այս գյուղերում տարբեր բիզնեսների զարգացման վրա, պարզ չէ։ Որևէ պաշտոնական ուսումնասիրություն մինչ օրս չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ սահմանամերձ գյուղերի հարկազատման մասին օրենքով սահմանային գոտում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներն ամողջությամբ ազատվում են հարկերից։
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշ տվյալներով՝ 2015 թ.-ին սահմանամերձ համայնքներում գրանցված է եղել մոտ 300 ՓՄՁ, 2016-ին՝ 813, այսինքն՝ 1 տարում ձեռնարկությունների թիվը մոտ 500-ով ավելացել է։ Սակայն, ըստ Գ.Պողոսյանի, բիզնեսները սահմանամերձ գոտիներ տեղափոխելու և նոր ձեռնարկություններ բացելու շարժը սպասվածի չափ ակտիվ չէ, և հարկերից ազատելն այնքան էլ չի ավելացրել գրավչությունը։ Ներկայումս Երևանում կենտրոնացած է բոլոր ՓՄՁ-ների 52%-ը, և ՀՀ 10 մարզում այնքան բիզնես կա, որքան Երևանում։
Տնտեսագետի կարծիքով՝ պատճառն այն է, որ մայրաքաղաքում են կենտրոնացած շուկան ու սպառումը, նաև ենթակառուցվածքները, բնակչությունը։
«Այդ ամենն ազդում է սահմանամերձ տարածքներում բիզնես անելու գրավչության վրա»,- նշեց Գ.Պողոսյանը։